«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն օրեր առաջ խոսել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության մասին, թե ադրբեջանական կողմը պատրաստվում է ֆինանսական պարտավորության վերաբերյալ հայց ներկայացնել ՀՀ-ի դեմ:

Շատ կարևոր հարց եք բարձրացրել՝ «168 Ժամին» տրամադրելով Ձեր տեսակետը Ալիևի ցինիկ արտահայտության կապակցությամբ, որն անում է արդեն որերորդ անգամ միջազգային, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում, որ Հայաստանը պետք է հատուցի պատճառված վնասների համար, և սպառնում է, որ դատական հայցեր են ներկայացվելու Հայաստանի դեմ: Ցավոք սրտի, Ալիևի այս արտահայտություններին որևէ պաշտոնական արձագանք չկա: Դուք այս մասին գրել էիք և Ձեր մտահոգությունն էիք արտահայտել՝ նշելով, որ «այս փաստաթղթով ոչ միայն տարածքներ կորցրեցինք, այլև ավելի քան 50 միլիարդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա, որը վճարելու ենք մենք ու մեր սերունդները»: Խնդրում ենք՝ բացատրեք խնդիրը մեր հեռուստադիտողին, և հասկանանք՝ ինչ է հնարավոր անել այս ուղղությամբ:

1995թ. հետո Ադրբեջանն ամեն անգամ հայտարարում էր, որ ինքը վնասների հատուցում է պահանջելու Հայաստանից: Բայց երբեք այդ քայլին չէր գնում: Անգամ 2002թ. հետո, երբ Ադրբեջանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին, մինչև հիմա իրենք հայց չեն ներկայացրել ՀՀ-ի դեմ: Ինչո՞ւ… Որովհետև իրենք չունեին հստակ ապացույցներ, որ ՀՀ-ն է պատասխանատու այս ամբողջ գործընթացի համար: ՀՀ-ն ստորագրել էր հրադադարի պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հետ՝ ընդամենը որպես երաշխավոր: Այսինքն՝ ստացվում էր, որ պատասխանատու սուբյեկտը Լեռնային Ղարաբաղն է, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը: Այն պահից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ՀՀ անունից ԼՂՀ-ի հետ կապված և տարածքների, և ռազմական, և քաղաքական փաստաթուղթ, մեխանիկորեն նա ՀՀ-ն ճանաչեց և համարեց պատասխանատու սուբյեկտ: Դրա համար էլ անմիջապես ստորագրման հաջորդ օրն Ալիևն ասաց, որ մենք հիմա հաշվարկում ենք վնասների փոխհատուցման հարցը, որը պետք է վճարի Հայաստանը:

Դեռևս երկու տարի առաջ ես հարցազրույց տվեցի: Ես տեղեկություն ունեի, որ Ադրբեջանը պայմանագրեր է կնքում այլ երկրների հեղինակավոր իրավաբանների հետ և նախապատրաստվում է ներկայացնել 50 միլիարդ դոլարի հայց ընդդեմ Հայաստանի՝ որպես հասցված վնասներ: Ես այս մասին հրապարակային եմ խոսել:

Այսինքն՝ հիմա այդ թիվն ավելի՞ է աճել:

Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից իմ գործընկեր իրավաբանների հետ երբ ես այս հարցը քննարկում էի, իրենք, ճիշտ է, վարձված են Ադրբեջանի կողմից և աշխատում են իրենց համար, բայց ինձ ասում էին՝ էս պահին հիմքեր չունենք, դեռ աշխատում ենք: Հիմա, այն հանգամանքով պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ՀՀ անունից և սկսեց կարգավորել ԼՂ-ի հետ կապված հարցեր՝ առանց ԼՂ ֆորմալ, մասնակցության, ՀՀ-ն դարձավ միակ պատասխանատու սուբյեկտը:

ՀՀ բնակչությունն էլ է անտեղյակ, ոչ էլ մեզ հարցրեց:

Ես հիմա ասեմ՝ ո՞րն է խնդիրը: Ցանկացած պատերազմի, և ցանկացած պատերազմի կապիտուլյացիայի դեպքում այս հարցերն առաջ են գալիս: Մի օրինակ բերեմ ընդամենը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945թ., Յալթայի կոնֆերանսում քննարկվեց, և Գերմանիայի կառավարությունը տարիների ընթացքում սկսեց 4 պետություններին՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և ԽՍՀՄ, վճարել այդ ռեպարացիան, այսինքն՝ պատերազմի արդյունքում կրած վնասների վերականգնումը՝ ոչ միայն նյութական եղանակով, այլև՝ իր պետության տարածքում արդյունաբերական օբյեկտները տրամադրելու եղանակով: Այսինքն՝ սա պատերազմի հետևանք է: Ցանկացած պատերազմի հետևանքով առաջ է գալիս ռեպարացիայի հարց: Եվ հիմա, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այդ փաստաթուղթը և ըստ էության կապիտուլյացիայի է ենթարկել ՀՀ-ն, Արցախը, դրա համար էլ Ադրբեջանի նախագահն արդեն հանդգնություն է ունենում հայտարարելու, որ իրենք դիմելու են դատարան՝ Հայաստանի դեմ, հասցված վնասները փոխհատուցելու պահանջով: Այսինքն՝ հիմա, այս պահի դրությամբ մենք արդեն դառնում ենք պարտավորության կողմ: Եվ հիմա ինձ համար մտահոգիչն այն է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունից մեկ օր հետո ռուսական լրատվամիջոցներով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հրապարակեց պաշտոնական հաղորդագրություն, որ իրենք արդեն հաշվարկել են Հայաստանի կողմից հասցված վնասների չափը, որը կազմում  818 միլիարդ դոլար: Թեպետ թիվը շատ կարևոր է, խնդիրն այն է, որ այս պատերազմի արդյունքում կորցրեցինք 3-5000 մեր եղբայրների, ընկերների, որդիների, 10-12 000 հաշմանդամ երեխեք ունենք, կորցրեցինք այդքան տարածք, արժանապատվություն և հիմա դեռ մի հատ էլ պետք է փող տանք Ադրբեջանին: Դուք հասկանո՞ւմ եք… Սա լուրջ հարց է:

Դուք էլ էիք ասել, որ դրա համար հրամայական է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Հրաժարական չի տալիս, ի՞նչ է լինում… Իրավական գործընթացները երկար պրոցես են: Քաղաքակա՞ն պետք է լինի:

Նախ սկսեմ նրանից, թե ինչ կապ ունի հրաժարականն այս փոխհատուցման հետ: Դա էլ ուղիղ կապ ունի: Որովհետև եթե հիմա նա հրաժարական տա, բազմաթիվ գործընթացներ արդեն նորից բանակցությունների առարկա կարող են դառնալ, բացառությամբ խաղաղության ապահովման բոլոր գործընթացները, որոնք իրականացվել են: Այսինքն՝ պատերազմի դադարեցման ու խաղաղապահների տեղակայման հարցով: Բոլոր մնացած պայմանները միանշանակ ուղղակի կարող են բանակցությունների առարկա դառնալ: Եվ մենք կարող ենք գոնե այս ռեպարացիայի վտանգը, որը կա, այսինքն՝ այս ֆինանսական պարտավորության փոխարեն, որը կարող է մեր ու մեր սերունդների վրա դրվել, փորձենք այդ պատասխանատվությունը ոչ միայն չվերցնել, այլև միջազգային իրավական գործիքներով ուղղակի չեզոքացնել: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն արդեն հասկացավ, որ, ցավոք սրտի, այս մարդիկ ուղղակի չեն կարողանում անել: Կարող է՝ շատ են ուզում: Ես արդեն չգիտեմ… Բայց չեն կարողանում, ցավոք սրտի, չեն կարողանում:

Եվ հենց այս պայմաններում եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դա ուղղակի զուտ իրավական տեսակետից հնարավորություն է տալու, որ այս գործընթացները կառավարեն: Հիմա այս գործընթացները կառավարելի են:

Այսինքն՝ վաղը Ադրբեջանը հայցը որ ներկայացրեց, ու ոչ թե՝ 50, այլ 100 միլիարդի, իրավական հիմքեր այս պահին Հայաստանը չունի դրա դեմ, որովհետև Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիայի պայմանագիր՝ իրեն ամբողջությամբ դարձնելով պատասխանատու սուբյեկտ մեխանիկորեն: Այսինքն՝ վաղը մենք չենք կարողանալու ոչ մի զենքով պայքարել դրա դեմ: Մենք չենք կարողանալու կարճ ժամանակում ստեղծել իրավական այնպիսի հիմքեր, որոնք մեզ հնարավորություն կտան խափանելու այդ վնասների հասցնումը մեր երկրին: 50 միլիարդը այս պահին գոյություն ունեցող մեր պետական բյուջեի 15 տարվա չափն է: Դուք հասկանո՞ւմ եք: դա նշանակում է առնվազն, որ այս ընթացքում քեզ վարկ էլ չեն տալու, որովհետև գիտեն, որ, եթե այդ վարկը տան, դու դա պետք է ուղղես ռեպարացիային: Այսինքն՝ այդ տված վարկը չի օգտագործվելու երկրում ենթակառուցվածքների զարգացմանը: Մեր հասարակությունն իրոք դեռ չի պատկերացնում սրա հոգեբանական, բարոյական, իրավական, քաղաքական, ֆինանսական հետևանքները: Ցավոք սրտի, այս ամբողջ ընթացքում իշխանություններն այնպես արեցին, որ մեր հասարակությանն ավելի շատ հետաքրքրում է ինչ-որ ստատուսի բովանդակություն, քան թե ավելի լուրջ խնդիրներ, արդեն գրագետ են համարվում ոչ թե այն մարդիկ, ովքեր ավելի շատ գիրք են կարդացել, այլ նրանք, ովքեր շատ ստատուսներ են կարդացել կամ գրել: