Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում անհանգստանալու առիթ չեն տեսնում Սոթքի հանքավայրում ադրբեջանցի զինվորների հայտնվելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ հանքը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը:

Նոյեմբերի 26-ի երեկոյան սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականների մի մեծ խումբ հանկարծակի հայտնվել է հանքավայրի տարածքում եւ պահանջել ազատել տարածքը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ համարեց անհապաղ հերքել այս տեղեկատվությունը: Պաշտպանական գերատեսչության օրինակին հետեւեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:

Այդ ընթացքում նախնական սուղ տեղեկատվությունը սկսեց կուտակվել մանրամասներով, հայտնվեցին բազմաթիվ իրադարձություններ «դեպքի վայրից», հարակից գյուղերի համայնքների ղեկավարների հարցազրույցներ:

Արդյունքում կեսգիշերին մոտ հրավիրվեց մամուլի ասուլիս, որին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը պատասխանեց մամուլի բազմաթիվ հարցերին: Ըստ Խաչատրյանի, ոչ ոք չի խախտել Հայաստանի պետական սահմանը եւ չի ներխուժել Սոթքի հանքավայրի վարչական շենք: Խաչատրյանը հիշեցրեց, որ պայմանավորվածության համաձայն՝ բնակչությունն ու բանակը մինչեւ նոյեմբերի 25-ը լքել են Քարվաճառի տարածքը: Բանակը դուրս է բերվել պլանի եւ ժամանակացույցի համաձայն:

Սահմանը որոշվում է նախկին սահմանով, որը բաժանում էր միութենական հանրապետությունները: Հիմա այն անցնում է մոտավորապես հանքավայրի մեջտեղով, եւ ամենեւին էլ ոչ այնտեղով, որտեղ ավելի վաղ տեղադրված էր «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությունը: Այսինքն, կեսը գնում է Ադրբեջանին: Խաչատրյանի խոսքով, հանքի ղեկավարությանը դա հայտնի էր: Այնուամենայնիվ, սեփականատերերը ցանկապատել էին հանքավայրի ամբողջ տարածքը, իրենց նախաձեռնությամբ տեղադրել էին պատնեշ եւ անցակետ, տեղադրել էին պահակներ եւ ժամանակավոր տնակ: Խաչատրյանը հատուկ ընդգծեց, որ ՀՀ Զինված ուժերը ամենաչնչին առնչություն անգամ չեն ունեցել կատարվածին: Սոցցանցերում ժամանակավոր տնակի մոտ ադրբեջանցիների հայտնվելը ներկայացվել է որպես վարչական շենք ներթափանցում, հավաստիացրեց Խաչատրյանը: Իսկ խոսակցություններն այն մասին, թե իբր ադրբեջանցիները մեկ ժամ են տվել տարածքը լքելու համար, լուրեր են, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Խաչատրյանի խոսքով, անհասկանալի անցակետ հայտնաբերելով՝ ադրբեջանցիները բարձրախոսով կապվել են հայկական կողմի հետ: Այստեղից նրանց ասել են, թե դա ում անցակետն է, եւ զգուշացրել են ռուսական կողմին: Հետագա բանակցություններն ընթացել են ադրբեջանցիների եւ ռուսական կողմի միջեւ:

Լրագրողների բոլոր փորձերը` պարզելու այն փաստի օրինականությունը, որ մասնավոր ընկերությունը պարտավորվում է պաշտպանել սահմանի մի հատված, ընդ որում՝ պաշտոնապես հաստատված սահմաններից դուրս գտնվող, արգելք եւ անցակետ է դնում այնտեղ, հաջողությամբ չեն պսակվել: Օրինաչափ ենթադրությանը, որ տվյալ դեպքում հանքի աշխատակիցներն ակամա խախտում են սահմանը Խաչատրյանը բացասական պատասխան տվեց՝ այն պարզ պատճառով, որ աշխատակիցներն այդ օրը այնտեղ չեն եղել: Ո՞վ էր, այնուամենայնիվ, բանակցում, քանի որ տեսանյութում հստակ լսվում է հայերեն խոսքը: Խաչատրյանը նախընտրեց չկենտրոնանալ այդ հանգամանքի վրա:

Աստիճանաբար պարզվեց, որ ադրբեջանցի զինվորականները նախօրեին փորձել են մտնել հանքավայրի տարածք եւ նույնիսկ կարողացել են ժամանակավոր դիրք ստեղծել թափոնների տարածքում:

Քանի որ լրագրողներին հանգիստ չէր տալիս այն հարցը, թե որտեղ էին գտնվում հայկական զորքերը, Խաչատրյանը, կասկածները փարատելու համար, ստիպված էր բարձունքներով նշել դիրքերը, այդ թվում՝ հանքավայրի տարածքում: «Հանքավայրի կեսը մեր տարածքում է, կեսը` նրանց: Թե ինչպես դրանք կշահագործվեն, դա զինվորականների գործը չէ»,- նկատեց Խաչատրյանը:

«Զինված ուժերի անձնակազմն այնտեղ է, որտեղ պետք է լիներ: Մեր վերահսկողության տակ գտնվող տարածքը եւ սահմանը պաշտպանվում են»,- հավաստիացրեց Տիրան Խաչատրյանը: