Անկարան Եվրախորհրդարանի` Թուրքիային եւ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը վերաբերող բանաձեւը կողմնակալ է եւ իրականությունից կտրված է համարում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` Կիպրոսի հարցում դրա դիրքորոշման պատճառով:

«Մենք ամբողջովին մերժում ենք Եվրախորհրդարանի բանաձեւը մեր երկրի եւ ՀԿԹՀ-ի վերաբերյալ... Այս որոշումը, որն անկասկած ընդունվել է Կիպրոսի հունական համայնքի թելադրանքով, ցույց է տալիս, թե որքանով կողմնակալ եւ իրականությունից կտրված է Եվրախորհրդարանը Կիպրոսի հարցում»,- հայտարարել է Աքսոյը:

Նրա խոսքով` նման դիրքորոշումը չի ծառայում ԵՄ շահերին, Թուրքիայի հետ դրա հարաբերությունների բարելավմանը եւ Կիպրոսի խնդրի կարգավորմանը:

«Մենք առաջարկում ենք Եվրախորհրդարանին եւ ԵՄ-ին ընդունել Կիպրոսի իրողությունները եւ թուրքական համայնքի ներկայությունն այնտեղ, ինչպես նաեւ կատարել ԵՄ պարտավորությունները Կիպրոսի թուրքերի նկատմամբ: Թուրքիան կշարունակի վճռականորեն պաշտպանել ինչպես իր, այնպես էլ նրանց իրավունքները` չտրվելով սպառնալիքներին եւ շանտաժին եւ շարունակելով երկխոսության ջանքերը»,- հավելել է Աքսոյը: