Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները շարունակել են փախստականների վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, ականազերծման, անհետ կորած զինծառայողների եւ զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացրել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ մարդասիրական արձագանքման կենտրոն է տեղակայվել, որի գործունեությանը ներգրավված են մի քանի տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ եւ գործակալություններ:

«Այդ աշխատանքներին միացել են Ադրբեջանի եւ Հայաստանի պրոֆիլային գերատեսչությունները: Ինչպես նաեւ ուղարկվել են մարդասիրական բեռների առաջին խմբաքանակները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գծով մենք մոբիլիզացրել ենք միջազգային աջակցությունը ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կազմակերպությունների շրջանակներում: Արդեն ակտիվ գործում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, մենք նաեւ աշխատում ենք փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ին առընթեր Առողջապահության համաշխարհային կազամակերպության հետ: Բացի այդ, մենք կողմերին ուղղորդում ենք չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն, անհապաղ սկսել աշխատանքը: Դա կարեւոր քայլ է մշակութային հուշարձանների եւ սրբավայրերի պահպանման, միջդավանական եւ միջէթնիկական հաշտեցման հասնելու հարցում»,-նշել է Զախարովան: