Մենք ողջունում ենք Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի, Արխիվների միջազգային խորհրդի, Թանգարանների միջազգային խորհրդի, Գրադարանների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի եւ հաստատությունների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով` այս հեղինակավոր ՀԿ-ները` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերները, կոչ են արել բոլոր կողմերին, որոնք ներգրավված են հրադադարի մասին համաձայնագրի իրագործման մեջ, ակտիվ ռեժիմով հարգալից վերաբերմունք եւ պաշտպանություն ապահովել մշակութային, պատմական, ճարտարապետական ​​եւ կրոնական ժառանգության բոլոր օբյեկտների նկատմամբ, այդ թվում` զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի դրույթների համաձայն:

«Մենք ակնկալում ենք, որ այդ կազմակերպությունների փորձագիտական ​​ներուժը, իսկ դրանք ճանաչված են ամբողջ աշխարհում, ամբողջությամբ կգործարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության նախապատրաստման եւ տարածաշրջան գործուղման գործընթացում` հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ»,- նշել է Զախարովան: