Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին։ Աշխատակիցների համար անհասկանալի է՝ արդյոք իրենք շարունակելո՞ւ են աշխատել Սոթքի հանքում, թե՞ ոչ։

Այս պահին աշխատակիցներին է հանդիպում պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը փորձում է հասկանալ իրավիճակը։

Պատգամավորի նշեց՝ Սոթքի հանքն, իր տեղեկություններով՝ շարունակելու է շահագործվել։

Հիշեցնենք՝ նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք եւ հայերից պահանջել՝ լքել տարածքը, քանի որ այն այլեւս Ադրբեջանի վերահսկողության տակ է։

ՀՀ պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը շտապեցին հերքել այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ավելի ուշ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք, ինչպես նաեւ կադրեր արդեն Սոթքի հանքավայրից, որտեղ երեւում էին ադրբեջանցի զինվորականները։ Դրանից հետո ՊՆ-ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի եւ ռուսների հետ համատեղ հայ-ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։

Ավելի ուշ, ՊՆ ներկայացուցիչը, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։