ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների եւ մարդասիրական առաքելության աշխատանքը: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Կայացել է Ղարաբաղում մարդասիրական առաքելության եւ ռուս խաղաղապահների գործունեության մասին զրույց»,-ասել է նա:

«Այդ համատեքստում նախագահը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին»,-հավելել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաեւ ներռուսական օրակարգի սոցիալ-տնտեսական տարբեր ակտուալ հարցերին:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը եւ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաեւ բնապահպանական, էկոլոգիայի եւ տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: