Զինյալների խնդրով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում այժմ զբաղվում են ռազմական մասնագետները: Այս մասին նոյեմբերի 27-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով լրագրողի հարցին Սիրիայից զինյալների մասին:

Լրագրողի խոսքով` զինյալներին Ղարաբաղի տարածք, որը գտնվում է կամ այժմ անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուղարկվում են Սիրիայից վերաբնակիչների քողի տակ, եւ նրանց թվում կարելի է նույնիսկ «Գորշ գայլեր» արմատական ​​ազգայնական կազմակերպության ներկայացուցիչների հանդիպել:

«Այդ աշխատանքը յուրաքանչյուր քայլի հանրային մեկնաբանում չի ենթադրում, բայց կարող եմ հավաստիացնել, որ այն տարվում է: Այն, իհարկե, անցկացվում է հակամարտության կողմերի հետ, եւ անցկացվում է այն փորձագետների հետ, ովքեր կա՛մ տվյալներ ունեն, կա՛մ հնարավորություն ունեն մասնակցելու այս խնդրի լուծմանը: Չնայած դա շատ բարդ ձեւակերպում է, սակայն ես կարծում եմ, որ այն խոսում է գլխավորի մասին` որ այդ աշխատանքն իրականացվում է, եւ այս թեման մեր զինվորականների մշտական ​​վերահսկողության տակ է»,- պարզաբանել է Զախարովան: