Ստեփանակերտում պատերազմից հետո այսօր՝ նոյեմբերի 27-ին բացվեց առաջին դպրոցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նա նշեց, որ շուտով բացվելու է նաեւ համալսարանը։

«Այս ընթացքում բացվելու են հիմնականում այն ուսումնական հաստատությունները, որոնք պատերազմի ընթացքում ամենաքիչն են վնասվել»,- նշեց նա։

Նշենք, որ դպրոցի մուտքին ամրացրած ցուցանակի վրա գրվել է՝ «Спасибо России»։

Այդ ցուցանակի բովանդակությունը մեզ հետ զրույցում Բաբայանը մեկնաբանեց. «Ես այդ ցուցանակի մեջ վատ բան չեմ տեսնում։ Եթե ռուս խաղաղապահները եկել են եւ հաստատել խաղաղություն, պետք է իրենց մեղադրե՞նք. պետք է շնորհակալություն հայտնենք։ Հիմա պահն է, որ մենք բոլոր դեմագոգ սուտ հայրենասերներից եւ պրովոկատորներից հնարավորինս հեռու մնանք, որոնք տարիներ շարունակ քանդում էին հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։ Մենք, իսկապես, այդ ամենից պետք է հեռու մնանք, նրանց էլ հեռու պահենք քաղաքական դաշտից»։

Լուսանկարները՝ РИА Новости-ի