Ըստ եռակողմ հայտարարության՝ Բերձորն, իհարկե, կմնա հայկական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Բերձորը նոյեմբերի 30-ից անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

«Այդ պայմանագրում գրած է, որ Բերձորը հայկական է։ Մենք պետք է այնպես անենք, որ շահարկումների, պրովոկացիաների չենթարկվենք։ Ես հասկանում եմ, որ իրավիճակն այնտեղ սրվել էր։ Պայմանագիրը բաց է, կարող եք դուք էլ տեսնել, որ Բերձորն Ադրբեջանի կազմում լինելու մասին նշված չէ»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ բնակիչներին հրահանգել են դուրս գալ մինչև նոյեմբերի 30–ը, Բաբայանն արձագանքեց. «Հարցրեք ԱԳ նախարարին, եթե ինչ-որ բան է փոխվել, ուրեմն պիտի ճշտեք Արտաքին գործերի նախարարությունից՝ արդյոք դա շահարկո՞ւմ է, թե՞այլ խնդիր կա։ Այո, պայմանագիրը սարսափելի է, ծանր է. որեւէ մեկը չի կարող ասել՝ դա սարսափելի չէ։ Սա ամենամեծ հարվածն էր մեր ողջ պատմության մեջ, բայց Բերձորի մասին նման կետ անգամ չկա։ Եթե ինչ-որ բան փոխվել է, ուրեմն պետք է պատկան մարմիններին հարցնել՝ ինչո՞ւ են նման զարգացումներ տեղի ունենում»։

Նշենք, որ դեռեւս պաշտոնական մեկնաբանություն չկա, թե ում վերահսկողության տակ է լինելու Բերձոր քաղաքը։

Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը

Ադրբեջանցու հետ կարո՞ղ ենք ապրել, կարո՞ղ ես երեխա պահել․ բերձորցիները լքում են իրենց տները