Երեկ 19։00-ի կողմերը մեզ իջեցրել են ներքեւ, ճանապարհին մենք տեսել ենք, որ իրենք կամազներով, պիկապներով բարձրանում են մեր հանքավայր, կարելի է ասել՝ իմ տուն, որտեղ ես 18 տարի է՝ աշխատում եմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի հանքավայրի աշխատակից Միքայել Կարապետյանը։

«Էսօր աշխարհը, Հայաստանը մարդասիրական նորմերով են խոսում, բայց այսօր մենք, մեր գործի տեղը անպաշտպան վիճակում է։ Թուրքերն ակուրատնի եկան, ոչ մի արտառոց դեպք չի եղել, ագրեսիա մենք չենք զգացել, բայց էնպիսի մթնոլորտ էր, որ չէինք հասկանում՝ ինչ է կատարվում»,-պատմեց նա, հավելելով․

«Եկել են, ասել են, որ սա իրենց տարածքն է, իրենց փաստաթղթերով ու GPS-ներով եկել, նստել են հանքում, իմ պոստում հենց հիմա թուրք կա։ Եթե ես Հայաստանը չեմ լքել, ապրում եմ էստեղ, ունեմ ընտանիք, այսօր ես չեմ մտածում, որ իմ երեխան էստեղ կարող է ապագա ունենալ։ Ես էդ հանքում իմ առողջությունն եմ դրել, բայց էսօր արդյունքն էն է, որ իմ տունը աչքիս չի գալիս»։

Միքայել Կարապետյանը գիտեր, որ դարպասները տեղադրվելուց հետո էլ հանքը 1կմ սահմանում մնում էր Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն հույս ուներ, որ Զինված ուժերը կպաշտպանեն սահմանը, իսկ իրենք էլ կարող են աշխատել եւ ընտանիք պահել։