Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչները ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) ժամանակ չեն բարձրացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման, ինչը խոսում է այն մասին, որ այդ երկրների միջեւ տարիներ շարունակ գոյություն ունեցած քաղաքական լարվածությունն անցյալ է դառնում: Նման կարծիք է հայտնել Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ուղիղ եթերով այդ թեման (ԼՂ հակամարտությունը) չի հնչեցվել: Բնականաբար, ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին մասնակցել են երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչները, ամեն ինչ անցել է առանց որեւէ փոխադարձ կշտամբանքի: Իսկ դա նշանակում է, որ այն քաղաքական լարվածությունը, որը կար երկար տարիներ երկու երկրների միջեւ եւ որը, բնականաբար, փոխանցվում էր նաեւ այստեղ (ԱՊՀ ՄԽՎ հարթակ), այժմ, հավանաբար, քիչ-քիչ անցյալ է դառնում»,-ասել է Կոսաչյովը ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի արդյունքներով «Միասին՝ ՌԴ» հեռուստաալիքի եթերում: