Կամավոր ռազմաճակատ մեկնած Կարապետի հետ հարազատները վերջին անգամ կապ են հաստատել հոկտեմբերի 12-ին։ Այդ մասին այսօր` նոյեմբերի 27-ին, Կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց նրա կինը՝ Քրիստինա Արշակյանը։

«Հոկտեմբերի 12-ից ամուսնուցս լուր չունեմ։ Ասաց՝ տեղափոխում են, չեմ կարող ասել՝ ուր։ Որպես կամավոր է գնացել, կռվել է Ջաբրաիլում, Ֆիզուլիում։ Ես պատրաստ եմ, թող ինձ գոնե դին տան, բայց ես տեղ ունենամ, որ լացեմ ու հանգստանամ։ Մարտական ընկերներն ասում են՝ իրեն ռմբկածության տակ են տեսել, զենք են ուզել, զենք չեն տվել, բա այդ մարդիկ ինչո՞վ էին կռվելու։ Դուռը բացվում ա, երեխես ասում ա՝ պապան եկավ։ Ինչքա՞ն կարելի է խաբելով ման գալ։ Նստած աթոռի կռիվ են անում, էլի ձեր աթոռի կռիվը արեք, բայց մեր զինվորներին մեզ վերադարձրեք», -ասաց Քրիստինա Արշակյանը։