Գերիների եւ անհետ կորած հայ զինվորների փոխանակման  պրոցեսն Ադրբեջանն ակնհայտորեն ձգձգում է, ընդ որում, արհեստականորեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մի դեպքում նշվում է, թե դիակների փոխանակման ավարտից հետո  գերիներին կվերադարձնեն, սա էլ ակնհայտ խոչընդոտ է առաջացնում, այս ամենն ակնհայտ կազմակերպված քաղաքականության մաս է եւ ակնհայտ զուգահեռ այս պրոցեսին, նրանց կողմից շարունակվում են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումները։ Ակնհայտորեն օգտագործելով նաեւ այս էմոցիոնալ հարցերն ու ֆոնը, սա բացարձակ դատապարտելի երեւույթ է, հենց մեր գերեվարված հայրենակիցների, որոնք որեւէ պատճառով հայտնվել են այնտեղ, նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ։ Դրանից բացի, սա նաեւ ամբողջ հասարակության  հոգեկան անձեռնմխելիությունը խախտելու, հասարակական առողջությունը, համերաշխությունը խաթարելու դիտավորյալ հատկանիշներ ունեն, սա Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանական քաղաքականության մաս է։ Սա ես դիտարկում եմ ատելության խոսքի քարոզի շրջանակում, որ ամբողջ պատերազմական գործողությունների ընթացքում, դրանից առաջ էլ, բայց հիմա շատ ինտենսիվ ձեւով ոչ միայն ատելության ու թշնամանքի քարոզ է գնում, այլ ակնհայտ արվում է ամեն ինչ խրախուսելու համար այդ ամենը»։

Թաթոյանի խոսքով՝ այդ տեսանյութերի հեղինակները գիտեն, որ իրենք ոչ միայն անպատիժ են մնալու այդ հանցավոր արարքների համար, այլեւ արժանանալու են խրախուսանքի. «Այս արարքներն ադրբեջանական քաղաքականության մաս են։ Օրինակ, ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե վարույթներ են հարուցել եւ այդ տեսանյութերի մեծ մասն իրականությանը չի համապատասխանում, եւ եթե պետք լինի՝ առանձին զինվորների կենթարկեն քրեական պատասխանատվության։ Չկա նման բան, սա պատասխանատվությունը գցելով չէ, իհարկե, այդ զինվորներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության, բայց սա կազմակերպված քաղաքականության մաս է։ Երբ բոլոր դեպքերն ուսումնասիրում ենք, պարզ չէ, որ սա  միասնական քաղաքականության արդյունք է, միշտ էլ այդպես է եղել, այս ողջ ընթացքում, հետեւաբար՝ այստեղ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է, նաեւ կան մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք դարձյալ կազմակերպված, համակարգված բնույթ կրող քաղաքականության մաս է։ Այս պատճառով, այսօր ես հրատապ կոչով դիմել եմ միջազգային հանրությանը եւ, բացի հրապարակային դիմումներից, մեր աշխատակազմում այժմ կազմում են առանձին գրություններ եւ ըստ յուրաքանչյուր միջազգային կառույցի՝ կցվում են նաեւ մեր ձեռքի տակ եղած ապացույցները»։

Նա նաեւ շեշտեց, որ առաջին անգամ չէ, որ նման գրություններ են ներկայացնում, սա հերթական ապացույցների ներկայացման փուլն է, որը կրկին լինելու է թիրախային. ««ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չունի ուղիղ պատասխանատվություն, եւ պաշտպանի խնդիրը չէ, եւ իրավունք էլ չունի բանակցություններ վարել քաղաքական մակարդակում։ Եթե ես նման բան ինձ թույլ տամ, դա կլինի իմ աշխատանքի քաղաքականացում։ Հակառակը, մեր խնդիրն է, որպես ապաքաղաքական մարմին, բարձր հավաստիություն ունեցող տեղեկատվություն ենք ամրագրում, դա դարձնում ապացույց եւ համապատասխան պահանջներով ուղարկում մեր գործընկերներին՝ համագործակցելով մեր այլ պետական մարմինների հետ եւս»։

Նա նշեց, որ խոսքը չի վերաբերում միայն այս պատերազմի ընթացքում կամ դրանից հետո  գերեվարված մեր հայրենակիցներին, այլ նաեւ դրանից առաջ. «Ադրբեջանում մշտապես եղել է այս քաղաքականությունը, օրինակ՝ Ներքին Խնձորեսկից  այս ամռանը դեպք եղավ, Տավուշի մարզից Կարեն Ղազարյանը, հիմա նրանք այս ամենը տանում ու դարձնում են իրենց կողմից առեւտրի առարկա։ Սա անթույլատրելի, դատապարտելի երեւույթ է, ՄԻԵԴ-ում միջանկյալ միջոցներ կիրառվել են, բայց, բնականաբար, դա բավարար չէ եւ անհրաժեշտ է լիարժեք ծավալով աշխատանքներ տանել»։

Գերիների թվի հետ կապված էլ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ աշխատակազմն ունի իր վիճակագրությունը, որը վերցվել է մյուս գործընկերների հետ աշխատանքներից. «Կարծեք թե փորձում ենք մեր մեջ միասնական բազա ձեւավորել, բայց գերիների իրական թիվն իմանալու համար ճիշտ է դիմել պատկան մարմիններին»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց, Արման Թաթոյանը նշեց, որ իր աշխատակազմում ընդունել է այդ անձանց ընտանիքի անդամներին եւ տեղյակ է, որ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչն այդ հարցը նույնպես քննարկում է։

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Ադրբեջանը իր տարած հաղթանակին նվիրված շքերթ կանցկացնի, որի ժամանակ կներկայացնի նաեւ հայ գերիներին, Արման Թաթոյանը նկատեց, որ տեղյակ չէ, տեղեկատվությունը կե՞ղծ է, թե՞ ոչ, որը պետք է անհապաղ պարզել, բայց այն մարդկային որեւէ արարքի մեջ չտեղավորվող երեւույթ է։

Հարցին՝ արդյոք այս գործընթացում քաղաքական իշխանության թերացումը կա՞, Թաթոյանն ասաց. «Իմ խնդիրը չէ ՀՀ քաղաքական իշխանությանը գնահատելը, ասում եմ այն ինչն Ադրբեջանն է անում։ Ունենք անելիք, այն որ ՀՀ կառավարությունն իր համապատասխան մարմիններով պետք է զբաղվի այս հարցերով, դա հստակ է։  Դա ՀՀ կառավարության ուղիղ պատասխանատվությունն է»։