ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ:

Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ստոլտենբերգը եւ Նիկոս Դենդիասը քննարկել են «իրավիճակը Միջերկրական ծովում եւ այդ տարածաշրջանում Թուրքիայի անօրինական գործունեությունը»:

Ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիային մեղադրել էր տարածաշրջանում «պայթյունավտանգ իրավիճակ» ստեղծելու մեջ:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն ասել է, որ այդ հարցը քննարկել է Ստոլտենբերգի հետ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, որը կկայանա հաջորդ շաբաթ:

Լարվածությունը սրվել էր այն բանից հետո, երբ անցած կիրակի գերմանացի զինվորականները թուրքական բեռնատար նավի ամբողջական խուզարկություն են կատարել, որը, ինչպես նրանք կասկածում էին, Լիբիա զենք էր տեղափոխում՝ խախտելով Լիբիա զենքի մատակարարման մասին ԵՄ էմբարգոն:

Չավուշօղլուն ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ասել է, որ դա «անընդունելի» գործողություն է: Նրա խոսքով՝  օրակարգում են եղել նաեւ Աֆղանստանում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները: