Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության փաստը:

Ֆահրիզեադեն, որը ղեկավարում էր ՊՆ-ին կից Պաշտպանական նորարարությունների եւ հետազոտությունների կազմակերպությունը (SPND),  մահացել է հիվանդանոցում ահաբեկչական հարձակման հետեւանքով ստացած վնասվածքներից:

Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ գիտնականը դարձել էր բազմակողմանի հարձակումների զոհ, երբ Աբսարդ քաղաքում մի քանի ահաբեկիչներ կազմակերպել էին պայթյուն եւ ոչ մեծ հրդեհ:

Tasnim-ը հաղորդում է հարձակվողների եւ գիտնականի անվտանգության պահապանների միջեւ բախումների մասին:

Ըստ հաղորդագրությունների՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան Ֆահրիզադեի մեքենայի ուղղությամբ կրակ բացելը: Դեպքի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, որոնց ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ գիտնականի հետ գտնվել են նրա բարեկամները:

Ֆահրիզադեն միակ իրանցի գիտնականն էր, որին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեջբերել էր իր ծրագրում: Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ վերջին տարիներին նրան սպանելու մի քանի փորձերը պսակվել էին անհաջողությամբ: