Ռուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է երկաթգծով Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխելու հարցը:

ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նոյեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու շրջանակում Ռուսաստանի ԱԻՆ-ի օպերատիվ խումբը քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին զբաղվում է շինանյութի բաշխմամբ եւ տուժած բնակչությանը դրանք մատակարարելու հարցով: Փրկարարները նաեւ շարունակում են վերահսկել բնակելի շենքերի վերականգնման աշխատանքների ընթացքը նախքան ձմռան սկիզբը:

Այսպես, Լեռնային Ղարաբաղ Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից մատակարարված շինանյութերի կիրառմամբ առաջին 10 բազմաբնակարանային շենքերն առաջիկա օրերին պատրաստ կլինեն բնակեցման համար: Բացի այդ, շինանյութը բաշխվում է սեփական տների բնակիչների միջեւ, որոնք նույնպես ունեն իրենց տները վերականգնելու կարիք:

Դեռ ավելին, փրկարարների խումբը սկսել է հետազոտել կանգուն մնացած դպրոցների վիճակը: Այսպես, նրանք ուսումնասիրել են Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի դպրոցը, գնահատել դրա վերականգնման աշխատանքների ծավալն ուսումնական տարվան նախապատրաստելու համար: Նախ փրկարարները կաջակցեն պատուհանների տեղադրման, ջեռուցման համակարգերի, այնուհետեւ դպրոցական նստարանների տեղադրման հարցում: Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 1-ին:

Ներկայում նաեւ Ռուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է երկաթգծային տրանսպորտի միջոցով հավելյալ հումանիտար օգնություն մատակարարելու երթուղու հարցը: Դա թույլ կտա տնտեսել ժամանակ բեռներ տեղափոխելիս եւ արդյունքում արագացնել տուժած շրջանների ենթակառուցվածքները վերականգնելու գործընթացը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ստեփանակերտ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ փրկարարների լրացուցիչ խումբ: Լեռնային Ղարաբաղում փրկարարական գերատեսչության խմբավորումների ավելացումն անցկացվում է աստիճանաբար՝ հաշվի առնելով հումանիտար առաքելության շրջանակում այս կամ այն խնդիրների կատարման անհրաժեշտությունը: