Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարները շնորհավորանքներ են փոխանակել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու եւ այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները եւ հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները կարեւորել են տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի եւ իր կողմից հովանավորյալ ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատել է, որ Հայաստանի համար մնում է առաջնահերթություն Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք եւ արդար իրացումը: Արա Այվազյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հարցերի, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ։