Հոնդուրասի նախկին նախագահ Մանուել Սելայան հայտարարել է, որ Տոնկոնտին օդանավակայանում իրեն անարդարացիորեն են ձերբակալել՝ 18 հազար դոլար կանխիկ փողով, որը, նրա խոսքով, իրեն չի պատկանում, հայտնում է Reuters-ը։ 

«Ես այդ փողի ծագմանը տեղյակ չեմ։ Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը դա դրել է իմ իրերի մեջ։ Ես 400 անգամ ճանապարհորդել եմ եւ գիտեմ, որ չի կարելի ճանապարհորդել փողի այդպիսի քանակությամբ։ Կարեւոր է հետաքննել, թե ով է փողը դրել իմ իրերի մեջ», - տեղական լրատվամիջոցներին ասել է Սելայան։

Նա ավելի վաղ Twitter-ում նշել էր իր «անարդարացի» ձերբակալության մասին։

«Պատճառը պայուսակում 18 հազար դոլարն է, որն իմը չէ»,- նշել է Սելայան։

Հոնդուրասի նախկին նախագահը հայտնել է, որ իրեն ձերբակալել են օդանավակայանի ներգաղթային ստուգման կետում ուղեբեռի խուզարկությունից հետո։

Ընդ որում՝ Հոնդուրասի դատախազությունից ասել են, որ Սելայան չի ձերբակալվել։