Լոս Անջելեսի շրջանում ուրբաթ հրապարակված առողջապահության ոլորտի փորձագետների ծրագրի համաձայն՝ առնվազն երեք շաբաթով կարգելվեն հավաքները, որոնց կմասնակցեն մեկ ընտանիքի անդամներից ավելին, հայտնում է Reuters-ը։ 

Շրջանի իշխանությունները հատուկ նշում են կրոնական արարողությունների եւ բողոքի ցույցերի արգելման անհրաժեշտությունը։

Լոս Անջելեսի շրջանում ընդունված միջոցառումները, որոնք տարածվում են գրեթե 20 մլն մարդու վրա, դուրս են պարետային ժամի շրջանակից, որը անցյալ շաբաթ մտցրել էր Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը, որի համաձայն՝ նահանգի տարածքի մեծ մասում 22։00-ից մինչեւ 05։00 մտցվել է հանրային հավաքների եւ այլ ոչ կարեւոր միջոցառումների անցկացման արգելք։

Նշվում է, որ սրանք ամենախիստ միջոցառումներն են, որ շրջանում մտցվել են Կալիֆոռնիայում համավարակը սկսվելուց ի վեր։