«Հայաստան» հմահայկական հիմնադրամի գործողությունները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հերթական օրինակն են՝ ինչպես կարելի է տապալել փայլուն գաղափարը և կոտրել համահայկական ազգային ոգևորությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Անդրանիկ Մնացականյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անդրադառնանք կետ առ կետ.

1. Թափանցիկության բացակայություն: Ցանկացած հիմնադրամի գործունեության հիմքը առավելագույն թափանցիկությունն է: Սա առաջին հերթին նշանակում է, որ հիմնադրամները հաշվետու պետք է լինեն իրենց նվիրատուների առջև ծախսված ցանկացած լումայի դիմաց: Հիմնադրամը մինչ օրս չի ներկայացրել ոչ մի շոշափելի տեղեկատվություն թե գումարների որ մասն է ծախսվել, ինչ կարիքների վրա, ովքեր են եղել շահառուները և այլն: Սա անխուսափելիորեն հանգեցնում է վստահության կորստի և հեղինակազրկման: Նշեմ, որ ցանկացած հիմնադրամ կարող է կառավարչական հաշվետվություններից կարճ ժամանակում պատրաստել նման տեղեկատվություն:

2. Գումարների բյուջե փոխանցման մասին: Միասնական գնումներ կազմակերպելու և ադմինիստրատիվ ծախսերն ու ջանքերը նվազեցնելուն ուղղված հիմնավորումը առաջին հայացքից ընդունելի է և նպատակահարմար: Սակայն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե արդյոք գումարի բյուջե փոխանցումից հետո Հիմնադրամն ունի որևէ տեղեկատվություն կամ գործիքակազմ հասկանալու և կառավարելու այս գումարների ծախսման գործընթացը: Պետական մարմինների և Հիմնադրամի կառավարիչների կցկտուր մեկնաբանություններից ստացվում է տպավորություն, որ գումարների ծախսման վերահսկման մեխանիզմներ ամենայն հավանականությամբ բացակայել են, իսկ վերջին պաշտոնական հայտարարությունները էլ ավելի են խեղաթյուրում պատկերը:

3. Ռազմավարության բացակայության մասին: Ակնհայտ է, որ պատերազմի ընթացքում և հետո Հիմնադրամի առաքելությունը և ռազմավարությունը պետք է լինի ամբողջությամբ տարբեր: Գումարների հսկայական ներհոսքը և ծառացած նոր մարտահրավերները պահանջում են նոր լուծումներ: Հիմնադրամը ներկայումս չունի ռազմավարություն և իր ոչ միանշանակ գործունեության արդյունքում վտանգում է հետագա ֆինանսական աջակցություններն ու նվիրատվությունները: Ունենալով հսկայական պոտենցիալ և ամբողջ հայության ֆինանսական աջակցությունը համախմբելու ներուժ՝ իր քայլերով հիմնադրամը մսխում է իր վստահությունը:

4. Զենքի գնումների ֆինանսավորման լուրեր: Հիմնադրամի հավաքագրումների մի զգալի մասի պետական բյուջե փոխանցումից և հաշվետվության բացակայությունից հետո ակտիվացան խոսակցություններ գումարները զենքի գնումների համար օգտագործելու վերաբերյալ: Սա ոչ միայն հակասում է հիմնադրամի առաքելությանը, այլև իր հետ բերում է հսկայական ռիսկեր մեր բազմաթիվ հայրենակիցների համար: Հիշեցնեմ, որ սփյուռքից հավաքագրված գումարների մի զգալի մասը կրկնապատկվել (employer matching) է մեր հայրենակիցների գործատուների կողմից, և հավատացած եմ, որ այդ գործատուներից ոչ մեկը չի ցանկանա ներգրավված լինել զենքի առևտրի ֆինանսավորման մեջ կամ բարեգործական գումարներ նվիրաբերել ՀՀ բյուջե:

5. Տեղահանված արցախցիների կարիքների մասին: Հիմնադրամի առաքելությունն է իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։ Անհասկանալի է, արդյոք հավաքագրված հսկայական գումարներից որևէ աջակցություն է տրամադրվել տեղահանված և անելանելի իրավիճակում գտնվող մեր հայրենակիցներին: Արդյոք Հիմնադրամը նպատակ ունի տրամադրել որևէ աջակցություն, թե մեր հայրենակիցների միակ հույսը կառավարության բոլոր հարթակներում շրջանառվող չնչին 68 հազար դրամի օգնությունն է:

6. Ավերված Արցախի մասին: Ավելի քան վեցշաբաթյա պատերազմից հետո Արցախը հայտվել է հումանիտար աղետի եզրին. ավերված են գրեթե բոլոր ենթակացուցվածքները: Պատերազմի ավարտից ավելի քան քսան օր հետո Հիմնադրամը չի հայտարարել այս ուղղությամբ աշխատանքներ կատարելուն ուղղված և ոչ մի նախաձեռնության մասին: Թե ինչի վրա են ծախսվում կամ ծախսվելու հսկայական գումարները շարունակում է մնալ գաղտնիք:

7. Աուդիտի մասին: Հիմնադրամը հայտարարեց, որ ծախսերի մասին հաշվետվությունները կտրամադրվեն աուդիտի արդյունքներից հետո: Անհասկանալի է արդյոք աուդիտը վերաբերում է հիմնադրամի ամենամյա ֆինանսական հաշվետվություններին, թե պատվիրվել է առանձին ծախսային աուդիտ: Առաջին տարբերակի դեպքում նմանատիպ աուդիտը ամենամյա է և չի կարող տալ հանրությանը հուզող հարցերի պատասխանը, այն է՝ ինչպես են ծախսվել բյուջեի միջոցները: Երկրորդ տարբերակի դեպքում նշանակում է, որ հիմնադրամը ունի որոշակի կասկածներ իր ծախսերի հետ կապված և ձեռնարկել է ծախսային աուդիտը, ինչը շատ տարակուսելի, և, ինքնին շատ ծախսատար:

Հույս ունենանք, որ Հիմնադրամում կընդունեն առողջ քննադատությունը և քայլեր կձեռնարկեն Հիմնադրամը փրկելու ուղղությամբ քանի դեռ շատ ուշ չէ: Պատրաստ ենք առանց որևէ ակնկալիքի օգնել Հիմնադրամին մեր ուժերի չափով՝ առկա կառավարման քաոսը լուծելու հարցում: