Ժամկետային զինծառայողների ծնողները կրկին ակցիա են անում կառավարության մոտ: Ակցիայի մասնակից ծնողներից մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ վերջինիս ասել է, որ նա չի տիրապետում իրավիճակին:

«Ես ասացի, որ իր աշխատողները սխալ ինֆորմացիա են տալիս: Դուք չեք տիրապետում, թե ինչ վիճակում են գտնվում ձեր զինվորները Ղարաբաղում: Վարչապետը շատ ունակ է խոսքերն ու իրավիճակը փոխելու, լպրծուն պատասխաններով լղոզելու:

Ես ասացի, որ պահանջում ենք 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին վերադարձնել Հայաստանի տարածքում իրենց ծառայությունը շարունակելու, այլ բան պետք չէ: Ես երեսին ասացի, դուրը չեկավ: Ես ասացի, որ ինքն ու ՊՆ-ն մոռացել են զինվորներին, զինվորը մոռացված է:

Երբ ես նկարագրեցի, թե ինչ վիճակում են ապրում մեր զինվորները, վարչապետն ասաց, «երկու տեղանի կռավա՞թ ես ուզում տանենք էնտեղ»: Սա պատասխա՞ն է: Այդ բառերից հետո ես գտնում եմ, որ մենք էլ վարչապետ չունենք: Հետո զգաց, որ հիմարություն է ասում, ներողություն խնդրեց: Ինչ է, մենք կռավաթի կռիվ ենք տալի՞ս: Նրանց առողջությունը քայքայվում է, քնում են գետնի վրա»,-ասաց նա:

Ծնողն ասաց, որ իրենց հավաստիացրել են, թե կեցության հարցերը կլուծվեն, սակայն ինքը չի հավատում: