Բոլոր նրանք, ովքեր փորձում են Հայաստանի և Արցախի ներկա իշխանությունների կատարածը և դեռ շարունակվող քաղաքականությունը արդարացնել, նրանք պաշտպանում են մեր Հայրենիքի մի մասի և, ըստ այդմ՝ նաև հազարավոր հայորդիների թափած արյան գնով ձեռք բերված հաղթանակների հանդեպ իրականացված հայրենադավությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ իրողություն է, որ մեր ժողովուրդն՝ իր դարավոր պատմության կեռմաններում քանիցս հաղթահարելով նման իրավիճակներ, կարողացել է վերագտնել ինքն իրեն և սեփական արարումներով վերահաստատել իր գոյության իրավունքը: Սակայն իրողություն է նաև այն, որ մենք ամեն անգամ վերագտնելով կորցրածի արդեն մի մասը, անտեսում ենք երեկվա ցավոտ անկումների պատճառները և ժամանակ հետո նորից գնում այդ անկումներն ավելի խորացնող անցյալի ճանապարհով:

Ասել է թե՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար մենք ներում ենք աններելին, մոռանում կամ լավագույն դեպքում, երեկվա կատարված սխալին վերաբերվում որպես պատմության և շարունակում նորից կրկնել այն, ինչի համար ցավալիորեն հատուցել ենք ոչ հեռավոր անցյալում... Եվ այդպես ժամանակ առ ժամանակ մենք դառնում ենք հայրենադավ... Մենք, այլ ոչ միայն նրանք, որոնց ընտրել և ովքեր առաջնորդում են մեզ՝ ՍԽԱԼԸ ՆԵՐՈՂՆԵՐԻՍ...