Եվրամիությունը դատապարտել է Իրանում ահաբեկչական հարձակումը, որի զոհերն են դարձել միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների կենտրոնը, եւ եւս մի քանի մարդիկ։ Այս մասին նշված է ուրբաթ տարածված ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նոյեմբերի 27-ին Իրանում հարձակումների շարքի հետեւանքով սպանվել են իրանցի կառավարական պաշտոնյա եւ մի քանի քաղաքացիական անձինք։ Սա քրեական հանցագործություն է, որը հակասում է մարդկային կյանքի պաշտպանության սկզբունքին, ինչի օգտին հանդես է գալիս Եվրամիությունը։ Գերագույն հանձնակատարը (ԵՄ արտասհմանյան գործերով եւ անվտանգության քաղաքականության հանձնակատար Ժոզեպ Բորելը) իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքների անդամներին եւ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել։ Ներկայիս անորոշության ժամանակում առավել, քան երբեւէ կարեւոր է, որ բոլոր կողմերը հանդարտություն պահպանեն եւ առավելագույն զսպվածություն դրսեւորեն՝ էսկալացիայից խուսափելու համար, որը չի կարող համապատասխանել ոչ մեկի շահերին»,- նշված է  մամուլի հաղորդագրության մեջ։