Բերձորը մնալու է մեր հսկողության տակ, այս պահին քաղաքացիներին փորձում  ենք համոզել չլքել քաղաքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը:

Մեր հարցին, թե արդյոք հավաստի է այդ ինֆորմացիան, քանի որ այս օրերին հակասական լուրեր են պտտվում, Ալավերդյանը հաստատեց, որ իր տեղեկությունը հավաստի է, սակայն չի կարող նշել տեղեկատվության աղբյուրին:

Հարցին, թե անվտանգության ինչ երաշխիքներ կան հայ բնակիչների համար, եթե նրանք մնան, Ալավերդյանն ասաց, որ երաշխիքներ կան, չի կարող մանրամասնել քանի որ շտապում է:

Նշենք, որ Բերձորի բնակիչները թիվը 2200-ն է։ Նրանք այս օրերին ճամպրուկային վիճակում են, մի մասը հեռանում է, մի մասն էլ սպասում է վերջնական տեղեկատվության:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել էր, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում։

Hetq.am-ը  զրուցել է նաև քաղաքական մեծամասնության պատգամավորների հետ, որոնք ասել են, որ տեղյակ չեն, թե ինչ է սպասվում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքին:

«իմ քայլից» Նարեկ Մկրտչյանն ասել է` մանրամասներին չի տիրապետում, սակայն գիտի, որ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Մկրտչյանի խոսքով` Արցախի նախագահը սերտ բանակցությունների մեջ է ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, այդ հարցերը ևս օրակարգում են: