«Ուղեղային կենտրոնները եւ Իրանի թշնամիները պետք է իմանան, որ մենք անպատասխան չենք թողնի այս հանցավոր գործողությունը»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների եւ ինովացիաների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը, փոխանցում է ԻՌՆԱ-ն։ 

Կորոնավիրուսի կառավարման ազգային շտաբի նիստի ժամանակ Իրանի նախագահը շեշտել է, որ Իրանի իշխանությունները ժամանակին եւ պատշաճ կերպով պատասխան կտան այս սպանությանը։

Նա հայտարարել է, որ Իրանի թշնամիները ահաբեկչություն էին նախապատրաստել իրանցի հետազոտողի եւ գիտնականի դեմ, որը վերջին ամիսներին զբաղված էր կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությամբ եւ դեղերի ու բժշկական սարքավորումների ոլորտում երկրի ինքնաբավությամբ։

«Այս սարսափելի սպանությունը ցույց է տալիս, որ մեր թշնամիները տագնապալի շաբաթներ են ապրում, երբ զգում են, որ իրենց ճնշումը թուլանում է, եւ գլոբալ իրավիճակը փոխվում է։ Նրանց համար կարեւոր է այս օրերը առավելագույնս օգտագործել, որ կարողանան տարածաշրջանում անորոշ իրավիճակ ստեղծել եւ համաշխարհային ուշադրությունը շեղել ահաբեկչությունից ու վախեցնելուց, որն այսօր ստեղծել են այս օրերին օկուպացված տարածքներում»,- պարզաբանել է Ռոհանին։

«Իրանցի ժողովուրդը եւ երկրի իշխանությունները չափից ավելի համարձակ են, որպեսզի անտեսեն այս հանցավոր գործողությունը»,- շեշտել է Իրանի նախագահը։

«Նրանք ցանկանում են դավադրություն նախապատրաստել, բայց իրենց նպատակներին հասնել չեն կարող»,- ասել է նա։