Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ «Թուրքական հոսք» գազատարի սերբական հատվածը կավարտվի մոտ ժամանակներս: Այս մասին նա լրագրողներին ասել է շաբաթ օրը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «Թուրքական հոսք»-ին սպառնում է «Սերբիագազ»-ին վարկը դադարեցնելու կառավարության որոշումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է այս խնդրին, մենք գազատարն անվանում ենք «Բալկանյան հոսք», ռուսները՝ «Թուրքական հոսք», դրանք նույնն են: Մենք համաձայնագրեր ունենք «Գազպրոմ»-ի հետ, մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, եւ որքանով ես հետեւում եմ այս շատ խիտ գրաֆիկին, ամեն ինչ լավ է ընթանում: Ամեն ինչ շատ ինտենսիվ է ընթանում, մի քանի օրից կավարտենք»,- հայտարարել է Վուչիչը:

Ավելի վաղ Սերբիայի կառավարությունը Ժողովրդական ժողովից (խորհրդարան) հետ էր կանչել համապատասխան հանձնաժողովի կողմից հաստատված օրենքի նախագիծը, որը 55 միլիոն եվրո վարկի համար նախատեսում է պետական երաշխիքներ, որն անհրաժեշտ է «Թուրքական հոսք» գազատարի սերբական հատվածն ավարտելու եւ Վելիկա Պլանա քաղաքում կոմպրեսորային կայան կառուցելու համար: Ինչպես չորեքշաբթի Սերբիայի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են ՏԱՍՍ-ին, Սերբիայի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 20-ի գրավոր խնդրանքով հետ է կանչել օրինագիծը ընթացակարգից, փաստաթուղթը հանվել է քննարկումից:

Խոսքը վերաբերում է «Komercijalna banka a. d. Beograd, OTP banka Srbija, Vojvo anska banka a. d. Novi Sad եւ Sberbank Srbija a. d. Beograd-ի օգտին «Սերբիագազ» հանրային ձեռնարկության պարտքի համար Սերբիայի Հանրապետության կողմից երաշխիքների տրամադրման՝ Բուլղարիայի սահմանից մինչեւ Հունգարիայի եւ հարեւան այլ երկրների սահմանը՝ Շվեյցարիայում գրանցված South Stream Serbia AG-ում ներդրումների միջոցով Սերբիայի Հանրապետության տարածքում գազատար կառուցելու մասին» նախագծին: Այս փաստաթուղթը ենթադրում էր Սերբիայի կառավարության պետական երաշխիքները 55 միլիոն եվրոյի վարկի մարման համար (տարեկան 2,12-2,34% տոկոսադրույքով), որը պետք է վերցներ սերբական «Սերբիագազ» ընկերությունը, որը Հունգարիա գազ տեղափոխելու համար Վելիկայում կոմպրեսորային կայանի կառուցման գլխավոր կապալառուն է:

Օրինագիծն առաջարկել է Սերբիայի նախարարների կաբինետը, ֆինանսների նախարարությունը ստանձնել է բոլոր ընթացակարգերը: Ավելի վաղ Ժողովրդական ժողովի ֆինանսավորման հանձնաժողովի անդամները հավանություն էին տվել օրինագծին՝ համաձայնություն տալով խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացմանը: Սակայն չորրորդ խորհրդարանական նստաշրջանի մեկնարկից հետո նախագիծը հետ է կանչվել:

Հոկտեմբերի 13-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ հանրապետությունը մինչեւ 2020 թվականի վերջը ամբողջությամբ կավարտի «Թուրքական հոսք» գազատարի սերբական հատվածի շինարարությունը: 2019-ի դեկտեմբերին «Սերբիագազ»-ի գործադիր տնօրեն Դուշան Բայատովիչը հայտարարել էր, որ Սերբիան ամբողջությամբ ավարտել է խողովակների տեղադրումը խողովակաշարի իր հատվածում: Ավելի վաղ սերբական Danas թերթը հաղորդել էր Բայատովիչի եւ Սերբիայի լեռնահանքային եւ էներգետիկայի նոր նախարար Զորան Միխայլովիչի (նախկինում տրանսպորտի եւ ենթակառուցվածքների համար պատասխանատու) հակամարտության մասին, որին հրատարակությունը անվանում է հանրապետության կառավարությունում «ԱՄՆ-ի դրածո»: