Ֆրանսիան Թուրքիայից սպասում է Լեռնային Ղարաբաղից վարձկանների դուրսբերման կոնկրետ գործողությունների։ Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։

Լեմուանը հիշեցրեց, որ Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ  հակամարտության առաջին օրվանից ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Հայտարարվել է երեք հրադադար, բայց ոչ մեկը չի կատարվել։ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից, 9 կետ է պարունակում, բայց կան տարրեր, որոնք այնտեղ չկան։ Օրինակ՝ Սիրիայից վարձկանների, տարածաշրջանից նրանց դուրս բերելու առումով։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ապագայի շուրջ բանակցությունները։ Հարցեր կան՝ կապված անվտանգության եւ կայունության հետ։ Ուստի կարեւոր է բանակցությունների շարունակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Այսպիսի ցանկություն են հայտնել նաեւ հայկական եւ ադրբեջանական կողմերը»,- նշեց Լեմուանը։

Նա շեշտեց, որ Ֆրանսիայի նախագահը առաջինն է իրերն իրենց անուններով կոչել եւ ասել, որ կան Թուրքիայից տեղափոխված վարձկաններ։ Ֆրանսիան Թուրքիայից սպասում է վարձկանների դուրսբերման կոնկրետ գործողությունների եւ եվրոպացի գործընկերների հետ քննարկում է պատժամիջոցների հարցը։

Ի պատասխան հարցին՝ արդյոք տպավորություն չունի՞, որ Ռուսաստանը շրջանցել է ԵԱՀԿ ՄԽ գործընկերներին եւ պայմանավորվել Թուրքիայի հետ, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը կրկնեց, որ հայտարարությունը որոշակի կետեր չի պարունակում, եւ անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահների մասնակցությունը բանակցությունները շարունակելու համար։