Բրիտանիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ միլիոնավոր բնակիչների պատվաստելու համար նախապատրաստական աշխատանքների նախաշեմին պատվաստանյութերի հարցով նախարար է նշանակել, հաղորդում է Associated Press-ը:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պատվաստանյութերի նոր նախարարը կլինի Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Նադիմ Զահավին, ով կվերահսկի երկար տասնամյակների ընթացքում երկրի ամենամեծ պատվաստումների ծրագիրը:

Ներկայում բրիտանական դեղորայքի կարգավորիչը դիտարկում է կորոնավիրուսի դեմ երկու հավանական պատվաստանյութ՝ դեղերից մեկը պատրաստում են Pfizer-ը եւ BioNTech-ը, երկրորդը` Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն:

Այժմ անհրաժեշտ է պարզել դրանց անվտանգության եւ արդյունավետության աստիճանը:

The Guardian-ի տվյալների համաձայն, պատվաստանյութը հաստատելու դեպքում երկրի հիվանդանոցները, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի դեմ Pfizer-ի դեղամիջոցի առաջին չափաբաժինները կստանան մինչեւ դեկտեմբերի 7-ը:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ առաջին պատվաստումները կարվեն բուժաշխատողներին եւ խնամքի կենտրոնների բնակիչներին, այնուհետեւ տարեցներին:

Մեծ Բրիտանիան պատվիրել է Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութի 40 միլիոն եւ Օքսֆորդի համալսարանի ու AstraZeneca-ի պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին: