Վրաստանի խորհրդարանի տասներորդ գումարման նստաշրջանի առաջին նիստի օրը ընդդիմադիր կուսակցությունները կստորագրեն պաշտոնական հայտարարություն՝ օրենսդիր մարմինը բոյկոտելու մասին, եւ հետ կկանչեն իրենց կուսակցական ցուցակները: Այս մասին այսօր հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

2020-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը օրենսդիր մարմնում ստացել է ամենաշատ տեղերը՝ 90: Մնացած 60 տեղերը բաշխվել են ութ ընդդիմադիր ուժերի մեջ: Նրանք բոլորը կարծում են, որ հոկտեմբերի 31-ի քվեարկության արդյունքները կեղծվել են, եւ պահանջում են արտահերթ ընտրություններ:

Այսօր «Վրաստանի լեյբորիստական կուսակցության» գրասենյակում ընդդիմության հանդիպումն անցկացվել է ընդլայնված կազմով: Բանակցությունների սեղանի շուրջ հավաքվել են ինչպես այն կուսակցությունները, որոնք ներկայացվածություն են ստացել օրենսդիր մարմնում, այնպես էլ նրանք, ովքեր չեն հաղթահարել 1%-ի անցումային շեմը:

«Այն պատգամավորները, ովքեր անցել են խորհրդարան,  խորհրդարան մտնելու մերժում կստորագրեն: Այնուհետեւ կուսակցությունները չեղյալ կհայտարարեն իրենց կուսակցական ցուցակները եւ նոր ընտրությունների վերաբերյալ հայտարարություն կստորագրեն»,- հանդիպումից հետո ասել է Բաքրաձեն:

Նա բացատրել է, որ դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Վրաստանի ԿԸՀ-ն ամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները, եւ հայտնի դառնա խորհրդարանի առաջին նիստի օրը:

Ընդդիմությունը ստիպված որոշակի ճշգրտումներ է մտցրել իր ծրագրերում`COVID-19-ի դեմ նոր սահմանափակումների պատճառով: Չեղյալ է հայտարարվել լայնամասշտաբ բողոքի ակցիան, որը պլանավորվել էր պատգամավորների աշխատանքի մեկնարկին զուգահեռ:

«Մենք քննարկում ենք բողոքի տարբեր ձեւեր: Ամենայն հավանականությամբ, դա խորհրդանշական կլինի»,- ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը` Թինա Բոկուչավան:

«Վրացական երազանքն» այս շաբաթ հայտարարել է, որ իրենք միակուսակցական խորհրդարանում խնդիրներ չեն տեսնում: Այնուամենայնիվ, իշխող թիմը հույս ունի, որ ընդդիմադիր որոշ կուսակցություններ դեռ կհրաժարվեն բոյկոտից:

ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները փորձում են օգնել լուծել քաղաքական ճգնաժամը, որն առաջացել է այն պատճառով, որ ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Արեւմտյան դիվանագետները բանակցությունների սեղանի շուրջ են հավաքել խորհրդարան անցած բոլոր ինը կուսակցությունների ներկայացուցիչներին: Առաջիկա օրերին պետք է տեղի ունենա երկխոսության երրորդ փուլը: Ընդդիմությունը հայտարարում է, որ «Վրացական երազանք»-ից նոր ընտրությունների վերաբերյալ կոնկրետ առաջարկ է ակնկալում: