Դամասկոսը դատապարտում է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը եւ դա համարում է ահաբեկչություն, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Սիրիայում Իրանի դեսպան Ջավադ Թուրք-Աբադիի հետ հանդիպման ժամանակ նա Ֆահրիզադեի սպանությունը համարել է «ահաբեկչություն, որը համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի»,- շաբաթ օրը հաղորդել է Սիրիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«ՄԱԿ-ը պետք է կատարի ահաբեկչության դեմ պայքարի իր պարտավորությունները եւ հետեւի միջազգային իրավունքի նորմերին, հակառակ դեպքում մենք միայն լարվածության աճ կստանանք տարածաշրջանում»,- ասել է Միկդադը:

Նախօրեին զինված մարդիկ հարձակվել էին Թեհրանի շրջանում գտնվող Ֆահրիզադեի վրա, նա ծանր վիրավորվել էր եւ մահացել հիվանդանոցում: Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սպանված գիտնականը գերատեսչությանը կից հետազոտությունների եւ նորարարությունների կազմակերպության ղեկավարն էր:

Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մատնանշել է գիտնականի սպանությանը Իսրայելի մասնակցության վկայությունները՝ միջազգային հանրությանը կոչ անելով դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը եւ դատապարտել «պետական ահաբեկչության» ակտը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ միջուկային ֆիզիկոսի սպանությունը անպատասխան չի մնա:

Շաբաթ օրն ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը դատապարտել է Ֆահրիզադեի սպանությունը: Հարձակումից հետո Պարսից ծոցի տարածաշրջանում հնարավոր սրման հետ կապված մտավախություններ է հայտնել նաեւ Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը: