Ավստրալիայի որոշ մասերում՝ ներառյալ Սիդնեյի շրջանում, դիտարկվում է ամենաշոգ նոյեմբերներից մեկը, հաղորդում է Reuters-ը:
Տապը կգրանցվի ամբողջ կիրակի, ինչը ստիպել է իշխանություններին համընդհանուր արգելք սահմանել կրակ վառելու համար:
Սիդնեյի շրջանում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճան շոգը, մինչդեռ Նոր Հարավային Ուելս նահանգի արեւմուտքում, Հարավային Ավստրալիայում եւ Վիկտորիա նահանգի հյուսիսում ջերմաստիճանը մոտենում է 45-ի:
Երկրի օդերեւութաբանական բյուրոն կանխատեսում է 5-6-օրյա տապ Նոր Հարավային Ուելսի հյուսիսում եւ Քվինսլենդի հարավ-արեւելքում:
Հիշեցնենք, որ այս տարի Ավստրալիայում գրանցվել էր ամենաշոգ ամառը երկրի ամբողջ պատմության ընթացքում: Տապը դարձել էր բնական հրդեհների պատճառ, որոնց հետեւանքով այրվել էր շուրջ 12 մլն հա տարածք, զոհվել 33 մարդ եւ շուրջ 1 մլրդ կենդանի: