Գերմանիայում իշխող ամենամեծ կոալիցիան, որի կազմում է Քրիստոնեա-դեմոկրատական միությունը եւ Սոցիալ-քրիստոնեական միությունը, ինչպես նաեւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հոկտեմբերի վերջում կատարել է իր խոստումների 65 տոկոսը 296 պայմանավորվածություններից, որոնք նշված էին կոալիցիոն համաձայնագրի մեջ: Այդ մասին գրում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով գերմանական Բերտելսմանի հիմնադրամի եւ Բեռլինի սոցիալական հետազոտությունների կենտրոնի հետազոտությանը:

Բացի այդ, խոստումների 4 տոկոսը կատարվել է մասնակի, իսկ նախաձեռնությունների եւս չորս տոկոսի իրականացման համար քայլեր են ձեռնարկվել: Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր չորրորդ խոստումը (26 տոկոս) չի կատարվել: Կառավարության նախկին կազմին նախքան իր գործունեության ավարտը չէր հաջողվել կատարել խոստումների 19 տոկոսը, հիշեցնում են վերլուծաբանները:

Բերտելսմանի հիմնադրամի փորձագետ Ռոբերտ Ֆերկամպի գնահատմամբ՝ հաջորդ տարվա աշնանը, երբ Գերմանիայում կանցկացվեն բունդեսթագի ընտրությունները, կատարված խոստումները կհասնեն 70 տոկոսի: Կանցլեր Անգելա Մերկելի չորրորդ կառավարության երդմնակալությունը տեղի էր ունեցել 2018 թվականի մարտին, հաղորդում է DW-ը: