Ազատության հրապարակից  այսօր` նոյեմբերի 29-ին,  տեղի է ունենում  միաբանության երթ, որի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և ձայն հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

Երթը տեղի կունենա Ազատության հրապարակ - ՌԴ դեսպանատուն երթուղիով:

Ակցիայի մասնակիցները անհետ կորածների եւ գերիների լուսանկարներով են մասնակցում երթին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու դերասան Հրանտ Թոխատյանը հանդես են եկել միաբանության կոչով։

«Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն:

Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով:

Մենք գիտակցում ենք, որ ճակատագրական այս հարցի լուծման համար թանկ է ամեն րոպեն:

Մենք գիտակցում ենք նաև, որ այս խնդրի հանգուցալուծումը կախված է ամեն հայից՝ անկախ նրա բնակության վայրից:

Կոչ ենք անում բոլոր մեր այն սրտացավ հայրենակիցներին՝ անկախ քաղաքական նախասիրությունից, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը՝ ՄԻԱՑԵՔ ՄԵԶ»: