Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանն այսօր ավելի շատ ժամանակ պետք է հատկացնի, մնա ամառանոցում, Երևան մեքենայով չգա, որովհետև քաղաքացիներ հազար ու մի վատ արտահայտություն կանեն, օղի թորելու սարքը միացնի, խորոված սարքի ու ավելի ընդարձակի մեղավորներ փնտրելը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ով դեռ Կառավարության մոտ շարունակում է հացադուլը:

«Թող ասի՝ անցնող երկու ամիսների պատերազմը պարտվեցինք, որովհետև դրա մեջ մեղավոր է Սերժ Սարգսյանը, որովհետև Կազանյան փաստաթղթղին համաձայնություն է տվել, բայց դրանից 7 տարի անց էլ Արցախը հայկական է եղել, ասի, որ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, որովհետև Մադրիդյան սկզբունքների հետ համաձայն էր, հետո գնա առաջ  ու ասի, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր էր, որովհետև 1993-94-ին երբ ազատագրվեցին տարածքները  Բաքուն չգրավեց, հետո գա Խորհրդային Հայաստան և Կարեն Դեմիրճյանին մեղադրի, մինչև հասնի Ալեքսանդր Մյասնիկյանին»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե համաձայներ առանց կռվի յոթ շրջանները հանձնել, իրեն դավաճան կասեին, Գեղամ Մանուկյանն ասաց.« Բա ինչու էր 2018-ին պոռոտախոսություն անում, թե լավագույն տարբերակ էր գտնելու ու դիմելու էր ժողովրդին, թող կատարեր 2018-ի խոստումը, գար հրապարակ ու ասեր որոշումը, ինչու էր պոռոտախոսությամբ զբաղվում ու ասում ՝ ես զրո կետից եմ սկսում բանակցությունները:  Գուցե մի օր էլ Աստծուն մեղադրի այս պատերազմը տանուլ տալու մեջ, ինքը չի մեղադրում միայն իրեն ու իր ընտանիքին: Ինքը բոլորին մեղադրում է»:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ հայտարարությունում Փաշինյանը անգամ մոռացել է գերիների հարցը, պետք է նախ պարզել, թե  ինչ իրավիճակում է եղել այդ փաստաթուղթը ստորագրելիս:

«Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ինքը դավաճանել է ռազմագերուն, հայոց բանակի զինվորին,  նույնիսկ այդ հայտարարությունում չի ամրագրել, որ տեր է լինելու նրանց, այսքանից հետո շարունակում է մեղավոր փնտրել»,-ասաց Գեղամ Մանուկյանը և նշեց, որ մի օր ֆեյսբուքյան Հայաստանից դուրս կգա ու կտեսնի, որ իրական Հայաստանում իրեն ատում են: