Երկուշաբթի Տոկիոյին հարեւան Յոկոհամա նավահանգստային քաղաքում տեղի է ունեցել Gundam անիմեից հսկայական շարժվող ռոբոտի շնորհանդեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

18 մետրանոց մոդելը հսկայակն Gundam Factory համալիրի մի մասն է, որը կառուցվել է Յամասիտա պարկի մերձափնյա հատվածում: Ռոբոտը կանգնած է հատուկ նավանորոգարանում, որը նաեւ որպես դիտահարթակ է ծառայում: Մոտակայքում ցուցասրահն է, որտեղ կարելի է ծանոթանալ շարժվող ռոբոտի, նրա ներքին կառուցվածքի ստեղծման գործընթացին նվիրված էքսպոզիցիային:

Տաղավարներից մեկում ընդլայնված իրականության տեխնոլոգիայի միջոցով այցելուները կկարողանան փորձել իրենց Gundam օդաչուի տեղում, որը տեղակայված է ռոբոտի գլխի հատվածում: Պատկերը փոխանցելու համար  օգտագործվում է ճապոնական Softbank բջջային օպերատորի 5G ցանցը: Բացի այդ, համալիրում թեմատիկ սրճարան, կոնֆերանս դահլիճ եւ անիմե ֆրանշիզայից բացառիկ իրերով խանութ կա:

Ի սկզբանե Gundam Factory-ի բացումը նախատեսվում էր ամռանը, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: Համալիրը սովորական այցելուների համար հասանելի կլինի դեկտեմբերի 19-ից: Տոմսի գինը, կախված այցելած օբյեկտից, 1650-ից 3.300 իեն (16-ից 32 դոլար) կկազմի:

Gundam մարդանման մարտական ռոբոտիների մասին առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը հայտնվել է 1979 թվականին: Այն կոչվում էր Mobile Suit Gundam: Այս սերիալը ամենամեծ անիմեներից մեկն է համարվում Ճապոնիայի պատմության մեջ` միջազգային ճանաչում ստացած Evangelion-ի հետ միասին: Հետագայում թողարկվեցին Gundam-ի տասնյակ այլ անիմեներ, իսկ ինքը` ֆրանշիզան, ակտիվորեն օգտագործվում է մինչ օրս: