«Մերօրյա հերոսները». Վահե  Մելիքսեթյան. Վահեն պատերազմի առաջին իսկ օրվանից առանց երկմտելու մեկնել էր ռազմաճակատ՝ իր զինակից ընկերներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 8-ին՝ հերթական մարտի ժամանակ, անտեսելով վտանգը, նորից նետվել էր կյանքեր փրկելու, բայց զոհվել էր թշնամու մահացու հարվածից:

ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, հայցորդ Վահե Մելիքսեթյանը դեղագիտական ֆակուլտետի լավագույն, խաստումնալից շրջանավարտներից էր: Նոյեմբերի 5-ին, նա կդառնար 32 տարեկան…

Չնայած երիտասարդ տարիքին, հասցրել էր մասնագիտական բեղուն ճանապարհ անցնել։ 2012թ. գերազանցությամբ ավարտել էր օրդինատուրան՝ ստանալով կլինիկական դեղագետի որակավորում: Կլինիկական օրդինատուրայում ուսումնառության տարիներին վերապատրաստման նպատակով մեկնել էր Իտալիայի Կամերինոյի համալսարան:

Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանը Վահեի մասին առանձնակի ջերմությամբ է խոսում։ Պատմում է, որ Վահեի երազանքն էր Հայաստանում զարգացնել կլինիկական ֆարմացիան և այդ նպատակին հասնելու համար 2018 թվականին ընկերների հետ  հիմնել էր «Կլինիկական դեղագիտության հայկական միություն»  հասարակական կազմակերպությունը, որի նախագահը և համահիմնադիրն էր:

Կլինիկական օրդինատուրան գերազանցությամբ ավարտելուց հետո աշխատանքի անցել է ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնում և դասավանդել մինչև զորակոչվելը՝ 2018թ. դեկտեմբերը:

Վահե Մելիքսեթյանը, ամբիոնում դասավանդելուն զուգահեռ, զբաղվում էր նաև գիտական աշխատանքով և 2019 թ. պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։ Հեղինակ է տասից ավել գիտական հոդվածների, այդ թվում՝  միջազգային հեղինակավոր պարբերականներում։

Ամբիոնի լավագույն դասախոսներից էր․ուսանողները միշտ հիացմունքով են խոսել Վահեի մասին նրա մասնագիտական բարձր որակավորման և բացառիկ մարդկային հատկանիշների շնորհիվ: Նա գերազանց տիրապետում էր 3 օտար լեզվի՝ ռուսերենի, անգլերենի և իտալերենի։

«Միշտ մասնակցում էր բարեգործական տարբեր միջոցառումների: Հատկապես վերջին տարիներին զբաղվում էր վազքով. մասնակցում էր գրեթե բոլոր բարեգործական մարաթոններին: Ամեն անգամ բարեգործական վազքի մրցույթին պատրաստվում էր ամենայն պատասխանատվությամբ: Շատ էր սիրում դաշնամուր նվագել, ուներ երաժշտական միջնակարգ կրթություն, սակայն կատարում էր բարդ ստեղծագործություններ։ Սիրում էր Արամ Խաչատրյանի, Ռիչարդ Կլայդերմանի և Իռումայի ստեղծագործությունները»,- նշում է Նարինե Միրզոյանը:

Նրա բնորոշմամբ՝ իրենց հրաշալի Վահեն ինչպես մասնագիտական ասպարեզում, այնպես էլ ամենուր, ամեն ինչ ձգտում էր հասցնել կատարյալի:

«Եզակի մտածելակերպի տեր մարդ էր, յուրահատուկ խելացի, գիտեր հարգել դիմացինին անկախ ամեն ինչից, բարի էր, նախաձեռնող և առանձնահատուկ պատասխանատու, աշխատասեր, չափազանց ընկերասեր և լուսավոր մտքի տեր: Մարդ, ով միշտ պատրաստակամ էր օգնության հասնել: Առանց տրտնջալու միշտ հաղթահարում էր բոլոր դժվարությունները և պայքարում արդարության համար»,- նկատում է ավագ գործընկերը:

Վահեն պատերազմի առաջին իսկ օրվանից առանց երկմտելու մեկնել էր ռազմաճակատ՝ իր զինակից ընկերներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Զինակիցների խոսքով՝ անգամ մարտեր էր վարել, քաջալերել էր իր ընկերներին։ Պատերազմի ընթացքում  վտանգելով իրեն՝ հերոսաբար փրկել էր մի քանի տասնյակ զինվորների: Հոկտեմբերի 8-ին՝ հերթական մարտի ժամանակ, անտեսելով վտանգը, նորից նետվել էր կյանքեր փրկելու, բայց  զոհվել էր թշնամու մահացու հարվածից:

Ամբիոնի աշխատակիցների խոսքով՝ Վահե հետ ապրած յուրաքանչյուր պահն անգին է. մերօրյա հերոսը միշտ կմնա նրանց հուշերում…

Նշենք, որ ՀՀ նախագահի հոկտեմբերի 16-ի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի բուժկետի դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Սամվելի Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է  Մարտական ծառայության մեդալով»:

«Մերօրյա հերոսները». Վահե Մելիքսեթյան Վահեն պատերազմի առաջին իսկ օրվանից առանց երկմտելու մեկնել էր ռազմաճակատ՝ իր...

Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Воскресенье, 29 ноября 2020 г.