Անկեղծ ասած, որեւէ ձեւով չէի շահարկի գերիների վերադարձի հարցը իշխանության փոփոխության հետ. ես կարծում եմ՝ գերիների վերադարձի գործում մեծ դեր ունի Ռուսաստանը, որովհետեւ ՌԴ-ն է, որը միջնորդել է այս փաստաթղթի ստորագրումը եւ այս պահին ՌԴ-ն է, որ հետեւում է, թե որ կետը երբ կիրականացվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ժամկետներին հետեւում է ռուսական կողմը:

ԼՀԿ ղեկավարը հենց դրա համար էլ օրերս դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի հետեւողական լինեն այդ հարցում։

«Մենք լուրեր ունեինք, որ հնարավոր է Ադրբեջանում էդ հաղթական շքերթի ժամանակ մեր գերիներին քայլեցնեն մեր տեխնիկայի հետ։ Երեւի ցույց կտան, թե ինչ տեխնիկա են բերել, բայց գերիներին քայլեցնելու հետ կապված, ես ներկայացրել եմ, որ դա ժնեւյան կոնվենցիայով արգելված է: Ադրբեջանը հանդիսանում է կոնվենցիայի կողմ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությունից, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղրությունից եւ Կարմիր Խաչից որոշակի ուղերձներ են գնացել Ադրբեջան, որ իրենք իրավունք չունեն օգտագործել։ Այս առումով եմ ասում, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ հանկարծ դա տեղի չունենա»,- ասաց նա։

Ըստ Մարուքյանի՝ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն միակ մարմինն է, որը կարող է մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ, այլ փակ տարածքներ: Իրենք դիմել են այդ մարմին եւ պահանջել չպլանավորված այց իրակացնել, որն ըստ Մարուքյանի՝ հնարավորություն կտա հայտնաբերել հայ ռազմագերիներին, նաեւ քաղաքացիական անձանց:

«Նախ դա կփրկի նրանց կյանքը, խոշտանգումներից զերծ կպահի, երկրորդ՝ կհաստատվի, թե քանի մարդ կա, որովհետեւ Կարմիր Խաչի, Եվրոպական դատարանով հաստատված տվյալները հայ ռազմագերիների վերաբերյալ տարբեր են։ Նաեւ առաջարկել ենք, որ եռակողմ հանձնաժողով ստեղծվի, հայկական, ռուսական եւ ադրբեջանական կողմերի մասնակցությամբ, որ օրինակ՝ ադրբեջանական ներկայացուցիչը գա մտնի մեր բանտ, տեսնի՝ իրենց գերիները ոնց են, ուր են, ինչ են, այդ նույն կերպ էլ հայկական կողմը գնա ադրբեջանական բանտեր»,- ասաց նա։

Մարուքյանի խոսքով, բացթողում է, որ հայտնի հայտարարությունում ռազմագերիների փոխանակման համար ժամկետ նշված չէ, բայց դա չի նանակում, որ նրանց կարելի է անորոշ ժամանակով պահել. «Հիմա մենք ռուսական կողմից պահանջում ենք՝ դուք որպես երաշխավորը այս հայտարարության իրացման, նաեւ պահանջեք այն կողմից, որ կատարվեն: Եվ ես կարծում եմ, որ ռուսական կողմից քայլեր արվում են եւ արվելու են»: