Մտավորականները Երեւանում այսօր` նոյեմբերի 30-ին, միաբանության երթի ավարտին նամակը հանձնեցին Ֆրանսիայի Հանրապետութան դեսպանատուն:

Դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ կընթերցվի նամակը եւհույս ունեն, որ կստանան նաեւ պատասխան:

Նա հայտնեց, որ վաղը՝ 13։00-ին, մտավորականները կհավաքվեն ԱՄՆ դեսպանատան մոտ. «Ոչ թե երթ կանենք, այլ հենց դեսպանատան մոտ կհանդիպենք։ Երեկոյան ակնկալում ենք ՌԴ դեսպանատան պատասխանին, վան էլ արդեն Ֆրանսիայի դեսպանատան պատասխանին»։

Թոխատյանն ասաց, որ այդ նամակների օրինակներն իրենք հանձնում են նաեւ ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակ եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ. «Արդեն մեր հետագա անելիքները կհամապատասխանեցնենք իրենց հետ, որովհետեւ առանձին, առանց իրենց խորհրդի որեւէ բան անելը կարող է վնասել գործընթացին։ Նմանատիպ նամակներ մեր համայնքի կողմից արդեն հանձնված են Իսպանիայի Կառավարությանը եւ մնացած դեսպանատներին, ինչպես նաեւ Կարմիր խաչին, ՄԻՊ-ի գրասենյակին։ Նույնն արված է նաեւ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Լեհաստանում, Լիտվայում»։

Հարցին՝ արդյոք ՀՀ իշխանություններն իրենց նախաձեռնություններին արձագանքե՞լ են, Թոխատյանն ասաց՝ դեռ ոչ. «Կարծում եմ, որ նամակը հանձնելով Միացյալ նահանգներին, նմանատիպ նամակ կհանձնենք նաեւ մեր Կառավարությանը։ Նամակը կհանձնենք ԱՄՆ դեսպանատուն ու կգնանք Կառավարություն»։

Անդրադառնաով Թոխատյանի այն առաջարկին, որ տարածքները պետք է հանձնել այն դեպքում, երբ հայ ռազմագերիներին Ադրբեջանը կվերադարձնի, դերասանն ասաց. «Եթե Ադրբեջանը չի գնում որեւէ կոնտակտի, չի կատարում իր պարտավորությունները, ապա կարելի է չէ՞ նման պայման դնել»։

Լրագրողի դիտարկմանը, որ վաղն արդեն դեկտեմբերի 1-ն է, վերջին օրը՝ տարածքներ հանձնելու, հարցին՝ արդյոք իրենք կհասցնե՞ն առաջարկներ ներկայացնել, Թոխատյանն ասաց, «Մեզ թվում էր՝ երրորդ օրն է, գոնե ինչ-որ մի կերպ մեզ հետ կոնտակտի կգնան, մեկը կասեր՝ գիտեք, մի արեք, սա կվնասի գործընթացին կամ ինչ լավ եք անում, սա օգնում է։ Եթե ասեմ՝ մեր Կառավարությունը չի զբաղվում այս հարցով, սուտ կլինեմ, ես չգիտեմ։ Ես կարող եմ ենթադրել, որ չի զբաղվում, դրա համար էլ որեւէ մեկը դեռ չի վերադարձել; Կարող է նաեւ տեղեկություն տարածվել, որ սխալվում եք, մենք ինտենսիվ զբաղվում ենք»։