Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, մատնանշելով իսրայելական «Մոսադի» հետախուզական ծառայության դերը, ասել է, որ Թեհրանը կարողացել է պարզել, թե ով է կազմակերպել միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա բարդ օպերացիա էր. դեպքի (մահափորձի) վայրում ոչ ոք չկար: Միեւնույն ժամանակ, մեզ հայտնի է, թե ով է դա պլանավորել, հայտնի է նրա անցյալը»,- ասել է Շամհանին, նշվում է Tasnim գործակալության հրապարակած տեսանյութում:

Նրա խոսքով` մահափորձում իրենց դերն են ունեցել Իսրայելն ու «Մոսադ»-ը:

Միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն սպանվել էր նոյեմբերի 27-ին Թեհրան նահանգում կատարված մահափորձի արդյունքում, նա ծանր վիրավորվել էր եւ մահացել էր հիվանդանոցում: Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ սպանված գիտնականը դեպարտամենտին առընթեր հետազոտությունների եւ նորարարությունների կազմակերպության ղեկավարն էր: