Դուք մանիպուլյացիա եք անում. ես ասել եմ, որ մեզ տասնամյակներով ասել են, որ մեր բանակը մարտունակ է, ուժեղ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նոր նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով լրագրողների հիշեցմանը, որ պատերազմի օրերին ինքը «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում դժգոհել է, որ իրականությունը չի ներկայացվում պատերազմի ժամանակ:

Նա հավելեց, որ հիմա էլ ունի բանակի հետ կապված շատ մտահոգություններ. «Դրա համար այստեղ եմ, որ զարգացնեմ տնտեսությունը եւ զարգացնենք բանակը»:

Հարցին, թե ինչու է ընդունել նախարար դառնալու առաջարկը, երբ այդ առաջարկ անողը եւս հայտարարում էր, թե մեր բանակը մարտունակ է, նա պատասխանեց. «Որովհետեւ ես ուզում եմ ծառայել իմ ազգին: Ես Նիկոլ Փաշինյանին միշտ էլ հավատացել եմ»: