Amazon եւ Apple ամերիկյան տեխնոլոգիական հսկաները չեն միացել ֆրանսիական նոր նախաձեռնությանը, որը կոչված է համաշխարհային տեխնոլոգիական ընկերություններին ստիպել պահպանել սկզբունքները, հայտնում է Reuters-ը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին երեք տարիներին փորձել է համոզել տեխնոլոգիական հսկաներին համագործակցել կառավարությունների հետ մի շարք գլոբալ հարցերի շուրջ, ինչպիսիք են համացանցում ատելության խոսքի դմ պայքարը, գաղտնիության պահպանումը կամ հանրային գանձարանը լցնելը:

Մակրոնի խորհրդականները հայտարարել են, որ նախագահը խնդրել է տեխնոլոգիական ընկերություններին ստորագրել Tech for Good Call կոչվող նոր նախաձեռնության տակ, որն ընդգծում է հետկորոնավիրուսային աշխարհի սկզբունքները:

Ֆրանսիայի կառավարությունը հրապարակել է մինչ այժմ նախաձեռնությանը միացած 75 տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների ցուցակը, որոնց թվում են Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչաին, Facebook-ի Մարկ Ցուկերբերգը եւ Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը: Apple-ը եւ Amazon-ը բացակայել են ցուցակից:

Apple-ը հրաժարվել է մեկնաբանություն տալ, սակայն ֆրանսիացի պաշտոնյաները հայտնել են, որ ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, եւ որ այն դեռ կարող է միանալ նախաձեռնությանը, որի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն դեկտեմբերի 1-ին: Amazon-ի ներկայացուցիչը, որը ըստ ֆրանսիացի պաշտոնյաների վկայության, հրաժարվել է միանալ նախաձեռնությանը, չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին:

Նոր նախաձեռնությունն իրավաբանական ուժ չունի, բայց ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարել են, որ Մակրոնը կօգտագործի այն որպես գործիք, որպեսզի ազդի տեխնոլոգիաների կարգավորման գլոբալ համաժողովում առաջիկա բանակցությունների վրա: