Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբղում ականազործել են մոտ 10 կմ ճանապարհ եւ Լաչինի միջանցքում վնասազերծել մոտ հազար պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Լաչինի միջանցքում տեղանքի մի հատված եւ ապահովել էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը վերականգնող բրիգադի աշխատանքի անվտանգությունը, որն ավերվել էր ռազմական գործողությունների ժամանակ։ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ընդհանուր մաքրվել է ավելի քան 29 հեկտար տեղանք եւ մոտ 10 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 շենք եւ սոցնշանակության օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է մոտ 1000 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, ինչպես նաեւ նետված կամ չգործած ռազմամթերքը դուրս է տարվում հատուկ սարքավորված հրաձգարան, որտեղ ոչնչացվում է։ Սակրավորները տեղում պայթեցնում են այն ռազմամթերքը, որն անհնար է տարհանել։

Գերատեսչությունից նշել են, որ ՌԴ խաղաղապահները ապահովում են նաեւ էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, կապի գծերի եւ տրանֆորմատորային ենթակայանների վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Անցած մեկ օրում վերականգնվել է էլեկտրահաղորդման գծերի 3 հենասյուն, 1,2 հազար մետր գազախողովակ, ավելի քան 1,5 հազար մետր կապի գիծ, 2 տրանֆորմատորային ենթակայան։