Տեղեկացված աղբյուրը հերքել է անօդաչուի օդային հարվածի մասին տեղեկությունները, որի ժամանակ իբր զոհվել է  Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարներից Մուսլիմ Շահդանը, հայտնում է Tasnim գործակալությունը։

Նախօրեին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Շահդանն իրեն պաշտպանող երեք զինծառայողների հետ զոհվել է անօդաչուի հարվածով։

«Տեղեկացված աղբյուրը հերքել է Սիրիայի եւ Իրաքի սահմանին դիրքերի, ավտոմեքենաների եւ իրանցի խորհրդականների վրա օդային հարվածի մասին լուրերը, սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտարարել էին, որ իրանցի հրամանատարը զոհվել է այդ օդային հարվածի ժամանակ»,- գործակալության հայտարարությունն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ նման հայտարարություններն արվել են իրանցի գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության ֆոնին, որ ազդեն հանրային կարծիքի վրա։

Ֆահրիզադեն զոհվել էր նոյեմբերի 27-ին մահափորձի հետեւանքով։ Նրա ավտոմեքենայի առջեւ տեղի էր ունեցել պայթյուն, այնուհետեւ փոխհրաձգություն էր սկսվել գիտնականի թիկնապահների եւ հարձակվողների միջեւ։ Գիտնականը մահացել էր հիվանդանոցում։

Նախնական տեղեկություններով՝ զենքը, որից սպանվել էր Ֆահրիզադեն, կառավարվել է արբանյակով։