Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործող մեղադրող դատախազը չէր ներկայացել դատարան։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նոյեմբերի 12-ին, Նարեկ Սարգսյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 26-ին ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: