Դեկտեմբերին Երկրի բնակիչները կկարողանան Արեւի խավարման եւ երկու երկնաքարային հոսքի` Գեմինիդների եւ Ուրսիդների ականատեսը դառնալ: Այս մասին գրում է Մոսկովյան պլանետարիումի մամուլի ծառայությունը:

Արեւի ամբողջական խավարումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, սակայն Ռուսաստանի տարածքում այն հնարավոր չի լինի տեսնել: Խավարման առավելագույն փուլը (1.025) սպասվում է Մոսկվայի ժամանակով 19:13-ին:

«Խավարման լիարժեք փուլը կտեւի 130 րոպե եւ լուսնային ստվերի նեղ շերտով կանցնի  Չիլիի (Չիլիի լճային շրջան) եւ Արգենտինայի տարածքների միջով (արգենտինական հյուսիսային Պատագոնիա շրջան): Խավարման մասնակի փուլերը տեսանելի կլինեն Հարավային Ամերիկայում, Պոլինեզիայում, Անտարկտիդայում եւ Աֆրիկայում»,- գրում է մամուլի ծառայությունը:

Լուսնային ստվերը Երկիր կհասնի Մոսկվայի ժամանակով ժամը 17:32-ին Խաղաղ օվկիանոսի կենտրոնական գոտում` Մարկիզյան կղզիների մոտակայքում: Աստիճանաբար Լուսնի ստվերը կտեղափոխվի դեպի հարավ-արեւելք` մեծացնելով իր չափերը: Այնուհետ այն կհատի Խաղաղ օվկիանոսի արեւելյան հատվածը եւ Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին կմտնի Հարավային Ամերիկա` Չիլիի տարածք: Շարժվելով դեպի արեւելք` ստվերը կհատի Անդերը եւ կհայտնվի Արգենտինայում: Այստեղ Մոսկվայի ժամանակով ժամը 19:13-ին խավարման ամենամեծ փուլը կլինի, որի ժամանակ Արեւի բարձրությունը հորիզոնից եւ փուլի տեւողությունը առավելագույնի կհասնեն:

«Լուսնային ստվերը մայրցամաքը կլքի Մոսկվայի ժամանակով 19:27-ին Սան Մատիաս ծոցում: Ապա այն կշարունակի շարժվել Ատլանտյան օվկիանոսի երկայնքով եւ կմոտենա Աֆրիկայի ափերին: Ստվերը Երկիրը կլքի Մոսկվայի ժամանակով 20:53-ին Նամիբիայի ափերից դեպի արեւմուտք»,- պարզաբանել են մասնագետները:

Արեւի խավարումից բացի, դեկտեմբերին Երկրի բնակիչները երկու աստղաթափ կտեսնեն: Առաջին երկնաքարային հոսքը կդառնան Գեմենիդները` դեկտեմբերի 15-ի գիշերն ակտիվության գագաթնակետով: Իսկ դեկտեմբերի 23-ի գիշերն առավելագույն արագության կհասնեն Ուրսիդների հոսքի երկնաքարերը: