Հասարակության միավորման եւ որեւէ արդյունքի հասնելու համար, մարդիկ պետք է շեշտ է չդնեն քաղաքական դիրքորոշումների վրա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մտավորականների միաբանության երթին մասնակցող հաղորդավար Նարեկ Մարգարյանը:

«Այսօր այդպիսի մարդ չկա, որ քաղաքական հստակ դիրքորոշում չունի, բնականաբար, ես էլ ունեմ, բայց որպեսզի միավորվենք եւ ինչ-որ բան միասին անենք, պետք է մի պահ դրա վրա շեշտը չդնենք: Ես գրեթե չեմ ճանաչում ճանաչում մարդու, որն ունի այլ դիրքորոշում, քան այն, որ տվյալ իշխանությունը ժամ առաջ պետք է հեռանա: Ես այդպիսի մարդկանց չեմ ճանաչում կամ իրենք վերջերս փողոց դուրս չեն գալիս: Հանրահավաքներին մարդկանց հարցերի սպեկտորը շատ լայն էր, եթե մենք նեղացնենք այդ սպեկտորը մեկ հարցի, որ հրաժարական լինի, ինձ թվում է շատ ավելի արդյունավետ կգործեն բոլոր քաղաքական ուժերը եւ հասարակական շարժումները», ասաց Նարեկ Մարգարյանը:

 Նարեկ Մարգարյանը շեշտեց, որ բացի դեսպանատներին առձեռն նամակներ հանձնելուց, մշակութային գործիչները, օգտագործելով իրենց լսարանը, նամակներն ուղարկել են նաեւ գերատեսչութունների էլեկտրոնային հասցեներին:

«Տվյալ մեթոդը բաղկացած էր երկու կոմպոնենտից: Առաջինը, որ մշակութային գործիչները տանում եւ առձեռն նամակներ էին հանձնում եւ փորձում դեսպանատների հետ հանդիպումներ ստանալ, որպեսզի ավելի հանգամանալից քննարկենք: Երկրորդը՝ քանի որ բոլորն ունեն մեծ լսարան, նամակ տարածեցին եւ խնդրեցին, որ բոլորը տարածեն, լցնեն գերատեսչությունների էլեկտրոնային հասցեները: Հուսանք՝ հնարավոր կլինի հանդիպումներ ունենալ դեսպանատների հետ: Հասկանում ենք, որ պետք է նոր բան լինի եւ վստահաբար այդ մտքով հանդես կգանք», -շեշտեց  հաղորդավար Նարեկ Մարգարյանը:

 Ըստ Նարեկ Մարգարյանի՝ համաձայնագրով Ադրբեջանին հանձնվող ամեն բան հստակ րոպեով գրված է, իսկ այնՙ ինչ պետք է հանձնվի հայկական կողմին, լղոզված է:

«Նոյեմբերի 29-ին կազմակերպված երթի ժամանակ մի կին էր եկել իր եղբոր լուսանկարով: Պատմեց, որ իր եղբայրը գերեվարվել է 27 տարի առաջ եւ չի վերադարձել: Սա վառ օրինակ է, որ մարդը 27 տարի չի վերադարձել, եւ մենք իրավունք չունենք դա թույլ տալու: Ինձ համար անհասկանալի է, որ այն ինչ տալիս ենք րոպեով հստակ գրված է, իսկ այն, ինչ մեզ է պետք,  հնարավորինս լղոզված է գրված կամ գրված չէ առհասարակ», -ավելացրեց Նարեկ Մարգարյանը: