Հայտարարության սկզբնական տարբերակում մեզ առաջարկվում էր, որպեսզի Լաչինի միջանցքի լայնությունը 30 կիլոմետր լինի: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գրում է Moscow-baku.ru-ն:

«Ես կտրականապես դեմ էի դրան եւ ասացի, որ հայկական կողմի այս նկրտումները բացարձակապես անհիմն են: Միջանցքի շրջանակներում անվտանգության միջոցառումների ապահովման համար այդպիսի լայն միջանցքի կարիք չկա: Ուստի ես դա բացարձակապես անընդունելի առաջարկ համարեցի եւ արտահայտեցի իմ կարծիքը: Այնուհետեւ երկրորդ տարբերակում նախատեսվում էր, որ Լաչինի միջանցքի լայնությունը 10 կիլոմետր կկազմի: Ես դրան եւս համաձայնություն չտվեցի, եւ արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց 5 կիլոմետր լայնությամբ միջանցքի շուրջ: 5 կիլոմետր լայնությամբ միջանցքը բավարար հեռավորություն է ընդգրկում ե՛ւ մեր, ե՛ւ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի, ե՛ւ անվտանգության ապահովման համար»,- ասել է նա:

Ալիեւը նաեւ նշել է, որ երկար` շուրջ 30 տարի տեւած բանակցություններում Լաչինի շրջանն Ադրբեջանին վերադարձնելու հարցը, հատկապես` Լաչինի միջանցքի հետ կապված հարցը միշտ քննարկվել է որպես շատ կարեւոր եւ առանձին թեմա. «Հայկական կողմն ընդհանրապես համարում էր, որ ամբողջ Լաչինի տարածքը պետք է որպես միջանցք իրենց տրվի: Ցավոք, որոշ արեւմտյան շրջանակներ կողմ հանդես եկան այս դիրքորոշմանը: Իսկ Լաչինի շրջանը շատ լուրջ վերահսկողության տակ վերցվեց Հայաստանի կողմից եւ այնտեղ բնակեցման մեծ ծրագիր իրականացվեց: Այնտեղ հազարավոր մարդիկ էին ապրում: Ըստ որոշ տվյալների` այնտեղ, հնարավոր է, շուրջ 10 հազար մարդ էր ապրում: Այսինքն` Հայաստանի ղեկավարությունը չէր էլ մտածում Լաչինի շրջանը վերադարձնել Ադրբեջանին: Երբ բանակցությունների ընթացքում մենք շոշափում էինք Լաչինի միջանցքին վերաբերող թեմաները, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ նրա հովանավորները միշտ նշում էին, որ, ոչ, Լաչինի շրջանն առանձին թեմա է: Չնայած մեզ ուղիղ կերպով չէր էլ ասվում, բայց միշտ այնպիսի կարծիք է եղել, որ Լաչինի շրջանը ինչ-որ ձեւով պետք է մնա Հայաստանին»: