Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը եւս մեկ անգամ արձանագրում է, որ ի հեճուկս շրջանառվող տարբեր կարծիքների, հանքարդյունաբերությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենակայուն հենասյունը` ապահովելով պետական բյուջե վճարվող հարկերի զգալի մասը: Այս մասին հյտարարություն է տարածել Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում իրար հաջորդող ցավալի իրադարձությունները (COVID-19, պատերազմ) իրենց ահռելի բացասական ազդեցությունն ունեցան տնտեսության վրա եւ միայն հանքարդյունաբերության շնորհիվ է, որ մինչ օրս հաջողվել է խուսափել տնտեսական լուրջ ցնցումներից:

Բայց, որքան էլ տարօրինակ է, այսօր ականատես ենք լինում, թե ինչպես պատկան մարմինների լուռ անտարբերության եւ անգործության պայմաններում որոշ շրջանակներ շարունակում են արժեզրկել հանքարդյունաբերության ոլորտի դերը, թիրախավորել հանքարդյունաբերական ընկերություններին, ինչպես դա անպատիժ արել են վերջին մի քանի տարիների ընթացքում:

Նույնիսկ Սոտքի հանքավայրի շուրջ ստեղծված մտահոգիչ իրադարձությունները շահարկելով` փորձ է արվում նսեմացնել  հանքի նշանակությունն այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի մասին է: Ավելին, հնչում են կոչեր ընդհանրապես հրաժարվելու հանքարդյունաբերությունից, ինչը միանշանակ ուղղված է մեր պետականության դեմ եւ նպատակ ունի ձախողելու Հայաստանում տնտեսական որեւէ առաջընթաց:

Մենք սխալվելու հնարավորություն եւ ոչ էլ իրավունք այլեւս չունենք: Հզոր հայրենիք կառուցելու համար անհրաժեշտ է ամուր տնտեսություն: Վերջին շրջանի ցավալի իրադարձություններից հետո թե' պետական, թե' քաղաքական, թե' հասարակական մակարդակներում պետք է արվեն ճիշտ հետեւություններ եւ համապատասխան քայլեր: Հանքարդյունաբերության ոլորտին պետք է տրվի ռազմավարական նշանակություն, պետք է զարկ տրվի նոր հանքային ծրագրերի, ներգրավվեն նոր ներդրումներ, պետք է զարգացնել գործող հանքերը, կանխել ցանկացած ոտնձգություն հանքարդյունաբերական որեւէ ընկերության բնականոն աշխատանքի դեմ: Բնապահպանական միջազգային բարձր չափանիշներին համապատասխան բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն այսօր երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, զարգացման ռելսերին դնելու միակ վստահելի երաշխիքն է:

Պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ Հայաստանին պատուհասած համանման եւ ավելի վատթար իրավիճակներում հայտնվելուց հետո, պետություններին, որոնք ընտրել են բնական  ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհը, հաջողվել է ոչ միայն հաղթահարել ճգնաժամերը, այլեւ ստեղծել մրցունակ տնտեսություն եւ ժամանակակից սպառազինությամբ մարտունակ բանակ: Այս առումով ավելի քան ուսանելի է Գերմանիայի եւ Ճապոնիայի օրինակը: