Մենք մինչեւ Վահան Քերոբյանի Էկոնոմիկայի նախարար նշանակումն էլ հանդիպել էինք, քննարկել էինք բազմաթիվ տնտեսական հարցեր եւ ապագայում կտեսնեք նաեւ նախարարի աշխատանքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում նոր նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր կարեն Համբարձումյանը:

Հարցին, թե այսինքն դուք համարում ենք, որ եկող տարի երկնիշ տնտեսական աճի խոստումն իրականանալի՞ է, պատգամավորը դրական պատասխան տվեց. «Կարծում եմ՝ այո: Եթե ֆորսմաժորային վիճակներ չլինեն, ինչպիսին կորոնավիրուսն էր»:

Նա հավելեց, որ այսօրվա քննարկման ժամանակ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հարց չի քննարկվել. «Բայց ընդհանուր առմամբ մինչեւ նախարար նշանակվելը մեր հանձնաժողովի հետ քննարկում տեղի է ունեցել, իմ կարծիքը դրական է: Հիմա թողնենք, թող աշխատի, պագայում կտեսնենք»:

Դիտարկմանը, որ նոր նախարարը հայտարարել է, որ եթե սահմանները բացվեն միգուցե ադրբեջանական ապրանքը մեզ համար հասանելի լինի, մեր ապրանքն էլ իրենց համար, Կարեն Համբարձումյանը արձագանքեց. «Ճիշտ կլինի այդ հարցի պատասխանը ինքը տա, բայց ես որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, այս պահին այդ պատկերացումը չունեմ»: